Կառավարության այսօրվա արտահերթ նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց հակաճգնաժամային 5-րդ միջոցառման արդյունքները։
Նա հիշեցրեց՝ այս միջոցառման շահառու են այն գործատու կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք 2020-ի հունվար-փետրվարին ունեցել են 2-ից 50 աշխատակից։
«Փաստացի մարտ ամսվա ցուցանիշներն առնվազն հավասար են հունվար-փետրվար ամսվա աշխատակիցների թվի եւ աշխատավարձի վարձատրությանն ուղղվող միջոցների առումով։ Այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը եւ աշխատակիցների թիվը պետք է նվազած չլիներ։ Այսօր՝ ժամը 11։30-ի դրությամբ մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկ ներկայացրել է շուրջ 30 տոկոսը։ Այդ հաշվարկների հիման վրա 9725 շահառու հանդիսացողներին ավտոմատ եղանակով ուղարկվել է ծանուցում միջոցառման շահառու լինելու վերաբերյալ։ Ստացված ծանուցման հիման վրա դիմում ներկայացրած շահառուների թիվը կազմում է 5388։ Այսօր՝ ժամը 11-ի դրությամբ, 5207 շահառու փաստացի ստացել են գումարները՝ ընդհանուր 787.9 միլիոն դրամ»,- նշեց ՊԵԿ նախագահը։










































