«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը
– Պարոն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսի և կոալիցիայի միջև ձևաչափը, Ձեր կարծիքով, կբավարարի՞ ՀԱԿ-ին լիարժեք երկխոսություն վարելու համար, և արդյունքների հասնելու առումով` ի՞նչ է հարկավոր այժմ:
– Ես միշտ եղել եմ այն տեսակետին, որ ցանկացած բան ի սկզբանե պիտի փորձես խոսքով հիմնավորել, ապացուցել և խոսքով փորձես քեզ համախոհներ, գաղափարակիցներ գտնել: Այս դեպքում իշխանությունը համաձայնել է խոսելու և խոսելու միջոցով իրավիճակը հասկանալու, գնահատելու և դրանից հետևություններ անելու: Իմ համար երկրորդական հարց է եղել, թե ով է ներկայացնելու իշխանությունը: Ես գիտեմ, որ մենք քննարկելու ենք արտահերթ ընտրությունների հարցը, իսկ արտահերթ ընտրությունների որոշում` թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական, կարող է կայացնել միայն Սերժ Սարգսյանը: Եվ ես համարում եմ, որ ընդդիմությունը քայլ առ քայլ, փուլ առ փուլ ունենում է հաջողություններ, և որ այդ հաջողությունները նաև երկրինն են, և այս առումով լավատեսորեն եմ տրամադրված:
– Երկխոսության պայմաններում հասարակության անելիքը ո՞րը պետք է լինի: Պասիվ հանրահավաքային փո՞ւլ է այժմ անհրաժեշտ, թե՞ ընդհակառակը` կոալիցիան` իշխանության ներկայացուցիչները, պետք է իրենց թիկունքում զգան ժողովրդի շունչը:
– Այն, ինչ որ պետք է արվի այս երկրում` պիտի արվի հասարակությամբ, հակառակ դեպքում որևէ գործընթաց, որևէ փոփոխություն, որևէ նոր բան, նոր թռիչք իրավիճակի լավացման չի բերի: Ու այստեղ հասարակության մասնակցությունը պիտի լինի մաքսիմալ ակտիվ ու բազմաշերտ: Դրա համար է, որ օգոստոսյան տապին մենք հանրահավաք ենք նշանակել, և շոգ եղանակին, այդ շոգ հրապարակում հավաքվում ենք ու հասարակությանը կոչ ենք անում ներկա գտնվել, որովհետև հասարակությունը իր ներկայությամբ, իր մասնակցությամբ, իր մեծ աջակցությամբ է հիմնավորում, որ այն խնդիրները, որ մենք առաջ ենք քաշում` դրանք իրենն են ու ինքը տեր է այդ խնդիրներին: Եվ այս շոգին հասարակության մասնակցությունն է, որ իշխանություններին վախեցնում է, որովհետև իրենք հասկանում են, որ սա աշնանը եռապատկվելու, քառապատկվելու, տասնապատկվելու է: Այս առումով հասարակության մասնակցությունը պիտի լինի ամենաակտիվը: Եվ իմաստ ունի որևէ բան անել միայն ու միայն հասարակության մասնակցությամբ, առանց հասարակության անիմաստ եմ համարում:
– Երկխոսության առաջին հանդիպման ավարտին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք ներկայացնում են նաև Սերժ Սարգսյանին, ինչպես նաև` որ որևէ տաբու չկա ընդդիմության հետ որևէ հարց քննարկելու հարցում, մինչդեռ մինչև վերջերս կոալիցիայի ներկայացուցիչները միաբերան հայտարարում էին, թե Հայաստանում արտահերթ ընտրությունների հարց չկա: Ինչո՞ւ հանկարծ իշխանությունները նման հայտարարություններով հանդես եկան:
– Նախ ասեմ, որ Կոնգրեսը իր հայտարարությամբ հստակ պահանջ դրեց, և իշխանությունները կա՛մ պիտի ասեին, որ ընդունում էին դա, կա՛մ պիտի ասեին, որ իրենք մերժում են ընդդիմության հետ երկխոսությունը: Ես շատ ուրախ եմ, որ իշխանությունները արեցին այդ քայլը և հանձինս Դավիթ Հարությունյանի հայտարարեցին, որ իրենք ներկայացնում են կոալիցիային, գործադիր իշխանությանը, օրենսդիր իշխանությանը, քաղաքական մեծամասնությանը և նրա ղեկավարին` երկրի նախագահին: Այսինքն` նախագահի կողմից լիազորված խումբն է, որի հետ կարելի է ոչ թե հանդիպել, լսել տեսակետներ, այլ բանակցություններ վարել, ինչն էլ կսկսի անել Կոնգրեսը: Դա Կոնգրեսի պահանջն էր, դա ժողովրդի պահանջն էր:
Իսկ թե ի՞նչն է ստիպել իշխանություններին, ապա ես շատ կուզենայի մտածել, որ իշխանությունները հասկացել են դրա անհրաժեշտությունը, հասկացել են, որ այսպես շարունակել հնարավոր չէր: Ես կուզենայի, որ այդպես լիներ: Կարող եմ մի քանի պատճառներ բերել` դա կախված էր թե՛ տնտեսական իրավիճակից, թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակից` ներառյալ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցող գործընթացները, թե՛ ժողովրդավարության հետ կապված խնդիրներից և այդ համատեքստում ճնշումներից, թե՛ Հայաստանի հարցով համազեկուցողների` սպասվող այցից… Սրանցից յուրաքանչյուրը իր չափով ազդեցություն է ունեցել:
Անկախ ամեն ինչից, թե իշխանությունները ինչ մեթոդներ կիրառեցին` ամեն տեսակ քաղաքական գործիչ կոչվածներով, իրենց ձեռքի տակ ունեցած բոլոր մաշված ռեսուրսներով, իրենց ընդդիմադիր ձևացնող անձանցով, հանրահավաքներին անուն կպցնելով, վիրավորելով, անհուսություն սերմանելով, միևնույն է, հասարակությունը մասնակցում է հանրահավաքներին և է՛լ ավելի վճռական մասնակցություն է ցուցաբերելու: Եվ հիմնական չափորոշիչը, որ իշխանությունները նման որոշում կայացրեցին և Կոնգրեսի հետ երկխոսությունը չմերժեցին, պատվիրակություն ձևավորեցին, դրանից առաջ` չմերժեցին քաղբանտարկյալներին ազատ արձակելը, չմերժեցին Ազատության հրապարակը ազատելը, չմերժեցին Մարտի 1-ի փակված էջը բացված համարելը, այս ամենի հիմնական կատարողը ժողովուրդն է` իր ակտիվությամբ, իր մասնակցությամբ, իր հույսով, ընդդիմության հետ անցած իր ճանապարհով: Իսկ ովքեր մեր դեմ խոսում են` իրենք իրենց են վատություն անում:
– Պարոն Սարգսյան, այսօրվա Հայաստանի և 1988-90-ականների Հայաստանի միջև կարո՞ղ ենք համեմատության եզրեր տանել:
– 1988-89թթ. մեկ ազգային խնդիր էր, իսկ դա մեր ժողովրդին համախմբող ամենահիմնական խնդիրն է: Այսօրվա Հայաստանի համար, բացի ազգային խնդրից, որը ես համարում եմ Ղարաբաղի հարցը, և նրա լուծման առումով մաքսիմալ հնարավորություններ ստեղծելը, որպեսզի մեր վիճակը և Ղարաբաղի հարցը լուծվի հնարավորինս հայանպաստ ու ղարաբաղանպաստ, կա նաև դեմոգրաֆիական խնդիր, սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, երբ լքում են ոչ միայն Ղարաբաղը, լքում են նաև Հայաստանը: Կա տնտեսական խնդիր, որ մարդը իր աշխատանքով չի կարողանում իր ընտանիքն ու կեցությունը ապահովել: Եվ կա արդարության խնդիր, որ մարդը իր երկրում պետության կողմից պաշտպանված չէ: Կան պաշտպանված մարդիկ, կան անտեր` չպաշտպանված մարդիկ, որոնց հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են ու սրա հետևանքով` հարուստ, թե աղքատ լքում են երկիրը կամ այս երկրի հետ հույս չեն կապում: Այս բոլոր խնդիրները, իրար միաձուլվելով, ստեղծում են հասարակական ընդվզում, և այդ ընդվզումն է` իր մեջ պարունակող վտանգներով, որ ստիպում է թե՛ իշխանություններին, թե՛ աշխարհին ընդառաջ քայլեր անել` համաշխարհային նախկին փորձից ելնելով ավելի ծանր իրավիճակների մեջ չհայտնվելու համար:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի











































