Diamond Princess զբոսանավում գտնվող ուկրաինացիների մեծ մասը հրաժարվել է տարհանվել հայրենիք: Այս մասին հաղորդում է «Գրոմադա» ռադիոկայանը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտգործնախարարությանը:
ԱԳՆ հյուպատոսական ծառայության ճգնաժամային կառավարման բաժնի վարիչ Մաքսիմ Կովալենկոյի խոսքով՝ Ուկրաինայի գրեթե բոլոր քաղաքացիները, ովքեր գտնվում են զբոսանավում, չեն պատրաստվում տարհանվել Ուկրաինա:
Հայտնի է, որ զբոսանավում կա 23 ուկրաինացի, ևս երկուսը այժմ գտնվում են հիվանդանոցում: Նրանք բոլորը անձնակազմի անդամներ են:
«Նրանց պարտավորությունները որոշվում են պայմանագրով, հաշվի են առնվում նաև նրանց ցանկությունները: Մինչ այժմ նրանցից 24-ը հայտնել են, որ իրենք մտադիր չեն այժմ վերադառնալ Ուկրաինա»,- հայտարարել է Կովալենկոն: