Թուրքական Taraf թերթին տված հարցազրույցի ժամանակ պոլսահայ հայտնի լեզվաբան, գրող Սևան Նշանյանն անդրադարձել է Թուրքիայում տեղանունների անվանափոխության խնդրին.
«Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո սկսվել է տեղանունների թուրքացման գործընթացը, որը լայն թափ է հավաքել 1950-ական թվականներին, երբ ստեղծվեց «Տեղանունների փոփոխության մասնագիտական հանձնաժողովը»։ 1980 թվականից հետո այդ գործընթացը բավական արգելակել է։
Թուրքիայի 40,000 գյուղերից նվազագայունը 16,000-ի անունները փոփոխված են։ Ամենաշատ փոփոխությունները կրել են հյուսիսարևելյան սևծովյան (Տրապիզոն, Ռիզե, Արդվին) և հարավարևելյան քրդական շրջանները։ Այս երկու տարածաշրջաններում տեղանունների փոփոխման ցուցանիշը կազմում է ավելի քան 75 տոկոս։ Որոշ վայրերում դա հասնում է 80-85 տոկոսի։
Միևնույն ժամանակ տեղանունների անվանափոխություն է տեղի ունեցել նաև երկրի բոլոր հատվածներում՝ Մուղլա, Յոզգաթ և այլն։ Տեղանունները փոխելու նպատակն բոլոր այն բաների հետքերի սրբումն է, որոնք թուրքական կամ իսլամական չէին։ Տեղանունները փոխարինվեցին թուրքերեն անուններով, փոխվեցին նաև այն թուրքերեն անունները, որոնք իրենց մեջ չէին պարունակում ո՛չ իսլամական, ո՛չ էլ թուրքական տարրեր»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրք հետազոտող Հարուն Թունչելը հայտարարել էր, թե 1940-2000 թվականներին վերոնշյալ հանձնաժողովն անվանափոխել է 12,211 գյուղերի անուն՝ ընդհանուր առմամբ, Թուրքիայի գյուղերի շուրջ 35%-ը:
Նրա տվյալներով՝ ամենից շատ տեղանուններ փոխվել են Թուրքիայի արևելյան, հարավարևելյան և սևծովյան տարածաշրջաններում: Դրա պատճառն այն է, որ առաջին երկու տարածաշրջանում գերակշռել են քրդական, իսկ վերջին տարածաշրջանում՝ հունական, ինչպես նաև հայկական (համշենահայեր) տեղանունները։
Թունչելն ընդգծել էր, որ հանձնաժողովն ուշադրություն է դարձրել նրա վրա, որ պարտադիր փոփոխության ենթարկվեն այն «վտանգավոր» տեղանունները, որոնց բաղկացուցիչ մասերից մեկը հանդիսացել են «կարմիր», «զանգ», «եկեղեցի» բառերը, քանի որ դրանցից վերջին երկուսն ակնհայտորեն վկայում են տեղանվան ոչ թուրքական կամ ոչ մուսուլմանական ծագման մասին, իսկ «կարմիր» բառն էլ ունի կոմունիստական երանգ։











































