Թուրքական հարյուրավոր բեռնատարներ, որոնք ավելի քան հինգ հազար տոննա լոլիկ են տեղափոխում, մեկ շաբաթից ավելի է, ինչ կանգնած են ուկրաինա-ռուսական սահմանին: Նրանց արգելվում է մուտք գործել Ռուսաստան, գրում է թուրքական Daily Sabah պարբերականը:
Թուրք մատակարարները ապրանքի լրացուցիչ խմբաքանակներ են ուղարկել սահման այն բանից հետո, երբ հունվարի 31-ին հայտնի էր դարձել ՌԴ գյուղատնտեսության նախարարության Թուրքիայից լոլիկի ներմուծման քվոտայի ավելացումը տարեկան 150 հազարից 200 հազար տոննայի հասցնելու մտադրության մասին: Սակայն, դեռ գործում է հին քվոտան, ինչի պատճառով բեռնատարները պարապուրդի մեջ են:
Թուրքական ընկերությունների կորուստները կարող են կազմել մոտ 20-30 միլիոն դոլար: Որոշ արտահանողներ իրենց բեռնատարներն արդեն վերադարձրել են Թուրքիա, ևս մի քանի ընկերություններ փորձում են ապրանքը վաճառել ուկրաինական շուկայում:
ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից հաղորդել են, որ քվոտան ավելացնելու հրամանը ստորագրվել է և գրանցման համար ուղարկվելու է Արդարադատության նախարարություն: