Լիբիայի ապստամբները երեկ ուշ երեկոյան հաղորդեցին Մարսա Ալ-Բրեգա քաղաքը գրավելու մասին, ուր գտնվում է Լիբիայում ամենամեծ նավթավերամշակման գործարանը: Հայտնի է, որ այս մարտերում զոհվել է ապստամբների և Քադաֆիի կողմնակիցներից մոտ 30 զինվոր: Հաղորդում է Reuters գործակալությունը:
Ապստամբները շրջապատել են քաղաքը, որը մի քանի ամիս շարունակ գտնվում էր Քադաֆիի ռեժիմի կողմնակիցների ձեռքում: Բրեգայի փողոցները պատված են ականներով, ինչը բարդեցնում է քաղաքում լիակատար վերահսկողություն հաստատելը: Այս մասին գործակալությանը պատմել է Շամսուդդին Աբդ Ալ-Մուլահը:
Սակայն քիչ առաջ CNN-ին տված հարցազրույցում Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Բրեգան շարունակում է մնալ Քադաֆիի ռեժիմի վերահսկողության տակ. «Բրեգայի պաշտպանությունը շատ կարևոր է Լիբիայի ժողովրդի համար: Մենք Բրեգան դժոխքի կվերածենք, մենք չենք հանձնի այն, եթե նույնիսկ դա հանգեցնի հազարավոր ապստամբների մահվանը կամ քաղաքի ավերմանը»:











































