Սիրիայի Հոմս քաղաքում, որն աչքի է ընկել այս տարվա մարտից սկսված հակակառավարական ակտիվ ցույցերով, երեկ տեղի են ունեցել բախումներ կրոնական հենքի վրա: Բախվել են Բաշար Ալ-Ասադի կողմնակից ալևիական ուղղության ներկայացուցիչներն ու սուննի մուսուլմանները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կազմակերպության ղեկավար Ռամի Աբդ Ալ-Ռահմանը:
Նրա խոսքերով՝ հուզումները սկսվել են այն բանից հետո, երբ Ասադի կողմնակից ալևիների քառատված մարմինները հանձնվել են նրանց բարեկամներին: Սա աննախադեպ երևույթ է վերջին շրջանի զարգացումների համատեքստում և կարող է բախումները վերածել քաղաքացիական պատերազմի: Սիրիայի իրավապաշտպանները նշում են, որ այս սցենարը ձեռնտու է սիրիական գործող ռեժիմին, որը կարող է այդ զարգացումներն օգտագործել՝ իշխանության մնալու համար, քանի որ ցույցերը կկրեն արդեն հիմնականում ոչ հակակառավարական բնույթ:
Երեկ հայտնի է դարձել, որ սիրիական բանակի ստորաբաժանումները ներխուժել են Լիբանանին սահմանակից Զաբադան քաղաք: Իրավապաշտպանները հաղորդում են նաև, որ չեն դադարում ձերբակալությունները: Խոսվում է մոտ 500 նոր ձերբակավածների մասին, որոնց թվում են նաև հայտնի այլախոհներ:










































