Ռուսաստանցի քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովն «Առաջին լրատվական»-ի զրույցում ամփոփել է 2019 թվականին Հայաստանի ներքաղաքական կյանքում և հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն ու զարգացումները։
– Պարոն Մարկեդոնով, վերջին անգամ մենք Ձեզ հետ հանդիպել ենք նախորդ տարվա հունիսին Երևանում, երբ Դուք եկել էիք մասնակցելու «Կովկաս» ինստիտուտի կազմակերպած գիտաժողովին: Եվ Ձեզ հետ քննարկեցինք ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության զարգացումները, այլև այն սուր հարցերը, որոնք ծագել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հարաբերություններում կամ ավելի ակնհայտ են դարձել 2018 թ. Հայկական թավշյա հեղափոխությունից հետո: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի հարցը, որոշ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների հարցը, որոնց դեմ Երևանում քրեական գործեր են հարուցվել Մարտի 1-ի գործի, կոռուպցիայի կամ այլ գործերի հետ կապված մեղադրանքներով, բայց նրանք հիմա թաքնվում են ՌԴ-ի տարածքում: Այս մեկուկես-երկու տարվա ընթացքում շատ փորձագետներ ասում էին, որ Մոսկվայի ու Երևանի միջև միմյանց չհասկանալու, փոխըմբռնման պակասի որոշ խնդիր կա: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք երկու երկրների հարաբերությունների մակարդակը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, եթե, իհարկե, այս ժամանակահատվածը կարելի է նոր շրջափուլ համարել հայ-ռուսական հարաբերություններում: Կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ի ղեկավարությունն ու Հայաստանի նոր կառավարությունն իրար հարմարվել են ու ավելի լավ են միմյանց հասկանում: Եվ ի՞նչ կասեք ներհայաստանյան գործընթացների մասին վերջին մեկ տարվա ընթացքում:
– Ես կասեի, որ անցած տարին ժամանակակից Հայաստանի պատմության մեջ կարելի է բնութագրել երկու միտումներով: Առաջին միտումը հին կարգերի ռադիկալ փոփոխությունն էր, մասնավորապես՝ նոր իշխանության ձևավորումը գործադիր և օրենսդիր համակարգերում: Եվ հիմա մնում է միայն դատական համակարգը, որն առայժմ չի վերահսկվում նոր քաղաքական իշխանության կողմից, բայց եռանդուն քայլեր այս ուղղությամբ ձեռնարկվում են: Կարելի է վիճել՝ որքանո՞վ են այդ հարցերը ճիշտ կամ սխալ, բայց, ամեն դեպքում, այսօրվա դրությամբ այսպիսին է իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ քաղաքական այն հին ուժերը, որոնք գերիշխում էին երկրում մինչև 2018 թվականը, հեռացել են: Իհարկե, չի կարելի ասել, որ վերջնականապես են հեռացել, բայց առնվազն թուլացել են և այլևս լուրջ մրցակից չեն նոր կառավարությանը: Այսինքն՝ երկրում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Սա՝ ներքին իրադրության վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերություններին և առհասարակ Հայաստանի առանցքային գործընկերների հետ հարաբերություններին, ապա այս ոլորտում առանձնահատուկ փոփոխություններ չկան, և ինձ թվում է՝ այս պարագայում կարելի է վստահությամբ խոսել նախորդ կառավարությունների արտաքին քաղաքական ուղղության ժառանգականությունը պահպանելու մասին: Այլ խոսքերով՝ Ռուսաստանը դիտարկվում է իբրև ամենակարևոր, ռազմավարական նշանակություն ունեցող երկիրը Հայաստանի համար:
Այս ընտրությունը բազմիցս վերահաստատվել է: Կարելի է որպես օրինակ բերել Փաշինյանի հայտարարությունները ոչ միայն ներքին լսարանի համար, ոչ միայն Մոսկվայում հնչեցրած հայտարարությունները, որ Ռուսաստանը կարևոր դաշնակից է Հայաստանի համար, այլև Բեռլինում ու Բրյուսելում նրա կողմից արված նմանատիպ հայտարարությունները, որոնք գուցե ավելի կարևոր նշանակություն ունեին՝ որպես ուղերձ:
Երկու երկրներին հաջողվել է լուծումներ գտնել երկկողմ օրակարգի համար շատ կարևոր նշանակություն ունեցող որոշ խնդիրների վերաբերյալ: Օրինակ, այն, որ Հայաստանը ռազմա-հումանիտար առաքելություն ուղարկեց Սիրիա՝ սատար կանգնելով Ռուսաստանի, խորհրդանշական առումով շատ կարևոր է: Հայաստանը ՀԱՊԿ-ի առաջին երկիրն էր, որն աջակցություն հայտնեց Ռուսաստանին այս հարցում:
Երկրորդ կարևոր որոշումն այն էր, որ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի երևանյան այցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ռուսական և հայկական կողմերի միջև բիոլաբորատորիաների վերաբերյալ՝ մի հարց, որը լայնորեն շահարկվում և ուռճացվում էր, կային որոշ մտավախություններ, կասկածներ[1], բայց պարզվեց՝ դրանք անհիմն են:
Զուգահեռաբար Երևանը, բնականաբար, շարունակեց կառուցողական հարաբերությունների զարգացումը Արևմուտքի՝ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ: Այս իմաստով իրենց դերը խաղացին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության դատապարտման մասին ընդունված բանաձևերը: Եվ միևնույն ժամանակ Հայաստանը պահպանեց կառուցողական հարաբերությունները Իրանի հետ: Այս համատեքստում կարևոր է նշել Փաշինյանի պաշտոնական այցը Թեհրան 2019 թ. փետրվար վերջին:
Այսպիսով, Հայաստանի նոր կառավարությունը շարունակեց արտաքին քաղաքական այն ուղեգիծը, որին հետևում էին նախկին իշխանությունները, այն է՝ կառուցողական հարաբերությունները զարգացնել և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ՝ բայց առանձնահատուկ շեշտը դնելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:
Եթե իմի բերենք, ապա ներքին կյանքում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, բայց արտաքին քաղաքականության օրակարգում էական, սկզբունքային փոփոխություններ չեն եղել։
– Այսպիսով, եթե ամփոփենք՝ Փաշինյանը, լինելով լիբերալ հայացքներ, լիբերալ հակումներ ունեցող գործիչ, շատ ռուսաստանցի փորձագետների կարծիքով՝ ինչ-որ առումով նաև «արևմտամետ» կողմնորոշում ունեցող գործիչ, որն իր ընդդիմադիր գործունեության ընթացքում Հայաստանի եվրասիական ինտեգրման ջատագով չէր, այնուամենայնիվ, իրապաշտ գործիչ է և հասկանում է, որ կտրուկ շրջադարձերը երկրի արտաքին քաղաքականության մեջ շատ վտանգավոր է։
– Փաշինյանն անձամբ ասել է, որ մի բան է լինել ընդդիմադիր ու լրիվ այլ բան է լինել իշխանության ղեկավար։ Եվ նա իր վարքագծով ապացուցեց, որ ինքը հենց այս մոտեցման կողմնակից է։ Մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր գործիչը, գալով իշխանության, էապես փոխում է իր դիրքորոշումները կարևոր հարցերի վերաբերյալ։ Ի միջի այլոց, եթե խոսենք Փաշինյանի ընդդիմադիր գործունեության մասին, ապա նրա քննադատության սլաքները հիմնականում ուղղված էին դեպի Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), բայց ոչ դեպի ՀԱՊԿ-ը (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն)։ Գոնե ես չեմ հիշում այնպիսի կոշտ հայտարարություններ, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ նման մի բան։ Իսկ ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալու նպատակահարմարության մասին հարց բարձրացվել է։
Եվ հետո, երբ մենք խոսում ենք Փաշինյանից, խոսքը ոչ թե զուտ մեկ հոգու անձի մասին է, այլ որոշակի թիմի մասին։ Իսկ նրա թիմում տարբեր մարդիկ կան՝ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարդիկ, որոնք համագործակցել են միջազգային տարբեր կազմակերպությունների, օրինակ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կամ նմանատիպ այլ կազմակերպությունների հետ։ Բայց կան նաև մարդիկ, որոնց մենք կարող ենք անվանել ոլորտային մասնագետներ։ Նրանք պրոֆեսիոնալ բյուրոկրատներ են՝ ինչպես, օրինակ, Զոհրաբ Մնացականյանը, Դավիթ Տոնոյանը։ Չէ՞ որ նրանք սորոսական չեն, այդպես չէ՞։ Փաշինյանի թիմն իրենից որոշակի կոալիցիա է ներկայացնում։ Այս թիմի մեջ կան մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ կարիերա են արել, և կան մարդիկ, որոնք իշխանության են եկել, այսպես ասած, հեղափոխության ալիքի վրա։ Ի դեպ, հեղափոխության ալիքի վրա եկած գործիչներից, ակտիվիստներից շատերը շուտով հեռացան իշխանությունից։ Վերցնենք թեկուզ Արսեն Խառատյանին, որը սկզբնական շրջանում վարչապետի խորհրդականն էր արտաքին քաղաքականության հարցերով, բայց հետո հրաժարական տվեց։ Եվ այսպես շարունակ։ Այսպիսով, կարող ենք ասել, որ պրագմատիկ գիծն այսօր Փաշինյանի թիմում գերիշխում է։
Իհարկե, աշխարհագրությունը չես վերափոխի։ Աշխարհաքաղաքականությունն էլ հնարավոր չէ մեկ օրում փոխել։ Բայց ամեն դեպքում իրավիճակն այսպիսին է։ Եվ ինձ թվում է՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանի նոր իշխանության ներկայացուցիչներին հաջողվեց լավ աշխատանքային կապեր հաստատել Մոսկվայի հետ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն Փաշինյանին։ Ես արդեն հիշատակեցի երկու նախարարներին։ Նույնիսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը շատերի կողմից ընկալվում էր որոշ կասկածանքով կամ ոչ լիարժեք վստահությամբ, կարողացավ աշխատանքային լավ հարաբերություններ հաստատել իր ռուսաստանցի գործընկերոջ հետ, և երկկողմ համագործակցություն ձևավորվեց նաև այս ուղղությամբ։
– Սորոսականների մասին Ձեր ակնարկը շատ հատկանշական էր, քանի որ սա ներքաղաքական կյանքի ամենաշատ քննարկվող թեմաներից է դարձել Հայաստանում։ Որքանով է ուռճացված այս գործոնը՝ քարոզչական որոշ ուժերի ջանքերով, այլ հարց է, բայց, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ կառավարող քաղաքական ուժի, խորհրդարանական մեծամասնության շարքերում կան շատ մարդիկ, որոնք ժամանակին աշխատել կամ համագործակցել են արևմտյան այս կամ այն կազմակերպության հետ։ Եկեք անկեղծ լինենք՝ Ռուսաստանի քաղաքական վերնախավում կա այն ընկալումը, և դա արտացոլվել է նաև ռուսաստանյան բազմաթիվ ԶԼՄ-ների, այդ թվում՝ պետական հեռուստաալիքների ռեպորտաժներում[2], որ 2018 թ․ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը «սորոսականների», Արևմուտքի «դավադրությունն էր», այլ ոչ թե ժողովրդի արդար ընդվզման հետևանքը։ Այս ընկալումը, ըստ Ձեզ, խնդիրներ չի՞ առաջացնի մեր հարաբերություններում։ Որովհետև ինչքան էլ երկու երկրների ղեկավար շրջանակները պաշտոնական հռետորաբանության, հռչակագրային մակարդակի վրա հայտարարեն, թե հարաբերությունները «փայլուն են» կամ շատ լավ վիճակում են, այնուամենայնիվ, խորքային շերտերում լուրջ խնդիրներ կան, և դրանք ժամանակ առ ժամանակ դրսևորվում են տեղեկատվական տարբեր արտահոսքերի միջոցով։ Լինի դա «սորոսականների» կամ «Արևմուտքի դավադրության» տեսության ուռճացման հարցը, թե հայաստանյան այն նախկին պաշտոնյաների խնդիրը, որոնք այսօր խուսափում են քրեական պատասխանատվությունից՝ գտնվելով ՌԴ-ի տարածքում։
– Ես կկրկնեմ իմ այն թեզը, որը պարբերաբար հնչեցնում եմ իմ դասախոսությունների ընթացքում և հոդվածներում։ Մենք իսկապես ընկալումների անհամաչափության լուրջ խնդիր ունենք։ Ժիրինովսկու կամ ռուսաստանյան այլ գործիչների, փորձագետների ելույթները Սոլովյովի, Բաբայանի «թոք շոուներին» Ռուսաստանում այնքան էլ լուրջ չեն ընկալվում։ Դա ընդամենը որոշ աղմուկ է, որում, իհարկե, կան որոշակի ֆոբիաներ և այլն։ Հայաստանում նման ելույթները քիչ է մնում՝ ընդունեն որպես պաշտոնական իշխանությունների դիրքորոշում։ Բայց Ռուսաստանում բոլորն էլ վաղուց գիտեն, որ Ռուսաստանի իրական պաշտոնական դիրքորոշումն այն է, ինչ ասում են Պուտինն ու Լավրովը։ Եթե Պետդումայի անդամներից կամ լրագրողներից ինչ-որ մեկն ինչ-որ բան է ասում, ապա, խնդրեմ, կարող են ասել, դա նրանց մասնավոր կարծիքն է։ Գուցե նրանք արտացոլում են քաղաքական վերնախավի մի մասի որոշակի մտավախությունները, այսինքն՝ նման հայտարարությունները հենց այնպես չեն արվում, բայց այդ մտավախություններն այն աստիճանի չեն, որ Ռուսաստանն արմատապես փոխի իր քաղաքականությունը։ Ես այսպես կմեկնաբանեի։
Որոշ կասկածներ, մտավախություններ, իհարկե, կան։ Եվ դրա պատճառն այն է, որ միջամտություն հետխորհրդային տարբեր երկրների ներքին գործերին Արևմուտքի կողմից, այնուամենայնիվ, եղել է։ Դա տեղի է ունեցել և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում, և՛ Մոլդովայում, նաև այլ երկրներում։ Ու բնական է, որ Մոսկվայում անհանգստությամբ են վերաբերվում նման գործընթացներին։ Բայց դա չի նշանակում, թե հետխորհրդային տարածքի յուրաքանչյուր հանրապետությունում իրավիճակը նույն ձևով է զարգանում։ Չնայած այդ միջամտությանը, օրինակ, Մոլդովայում նախագահ դարձավ Դոդոնը, կամ չնայած որոշակի միջամտությանը՝ Հայաստանի նոր կառավարությունը կառուցողական մոտեցում է ցուցաբերում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հետևաբար, ես կարծում եմ, որ ավելի շատ ուշադրություն են դարձնելու ոչ թե խոսքին, այլ գործին։
[1] Այդ մտավախությունները, որ սկսեցին շրջանառվել հայկական մամուլում, այն մասին էին, որ Ռուսաստանն իբրև թե ուզում է Հայաստանի ղեկավարությանը պարտադրել նոր պայմանագիր, որով կբացառվի «օտարերկրյա զինվորականների» ներկայությունը, բայց հետո պարզվեց, որ խոսքը ոչ թե ամբողջ Հայաստանում, այլ Հայաստանում գործող որոշ բիոլաբորատորիաներում «օտարերկրյա զինվորականների» բացակայությունը երաշխավորող փաստաթղթի մասին։
[2] Օրինակ, Ռուսաստանի Առաջին պետական ալիքի այն ռեպորտաժը, որում նշվում էր, թե 2018 թ․ հեղափոխությունը Հայաստանում «սորոսականներն» են կազմակերպել։