Wednesday, 28 02 2024
01:00
Վարշավան մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա
00:45
Ուկրաինա զինվորականներ ուղարկելը տարաձայնություններ է առաջացրել Փարիզում
Ռուս սահմանապահները հեռացվելու են «Զվարթնոց» օդանավակայանից
Երևան-Փարիզ-Աթենք եռյակ. միավորող շահերը
Հրշեջները մարել են Զովունու գազալցակայանում բռնկված հրդեհը
Սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկում փոփոխություններ են կատարվել
Վահագն Խաչատուրյանը Բաղդադում այցելեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդարան
Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն
Մի քանի ամիս ժամանակ է տրված ռուսներին՝ «Զվարթնոցից» հեռանալու համար
Թմրանյութ՝ անվտանգության աշխատողի կոշիկի մեջ
Հունաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը նոր թափ է ստանում
Սումգայիթը եւ Լեռնային Ղարաբաղի «շուրջը»
21:30
Պրահայում մայիսի 30-31-ը տեղի կունենա ՆԱՏՕ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
«Սա պատմական մեծ նշանակություն ունի». Տասուլասը ոսկե մեդալ հանձնեց Փաշինյանին և հայ ժողովրդին
Պուտին-Ալիև՝ մետաղադրամի երկու երեսը
Ինչ է ստացել Երեւանն Աթենքում՝ Բեռլինից առաջ
Լևոն Քոչարյանի` երկրից չբացակայելու խափանման միջոցը մնաց անփոփոխ
Պիտի փախնե՞մ, էս խափանման միջոցի էությու՞նն ա. չեմ փախնի. Լևոն Քոչարյան
20:20
30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում
20:10
Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Բաքվի նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է. Միրզոյանը՝ ՄԱԿ ՄԻԽ 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում
Դանակահարված չարենցավանցուն պարեկներն են հասցրել հիվանդանոց
19:40
Լեհաստանի վարչապետը չի բացառել ուկրաինական գյուղմթերքի վրա էմբարգոյի ընդլայնումը
19:30
Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության բանաձևին առնչվող հարցեր
ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համագործակցության հետևողական զարգացման ու տարածաշրջանային գործընթացների հարցեր
Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից

Փաշինյանի պատասխանը Մոսկվային․ հեղափոխությունն էներգետիկ ոլորտում սկսված է

Երեկ՝ փետրվարի 27-ին, մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցը հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վարչապետը հարևան բարեկամ երկիր է մեկնել տիկնոջ և բավական ներկայացուցչական պատվիրակության հետ։ Հայաստանի նոր կառավարության ղեկավարի այս այցելությունն ինքնին շատ կարևոր իրադարձություն է հարաբերությունների բազմադարյա պատմություն ունեցող երկու ժողովուրդների հարաբերություններում, և այս այցին վստահաբար դեռ շատ կանդրադառնանք։ Բայց Թեհրանում Փաշինյանը արել է մի հայտարարություն, որն առանձնահատուկ ուշադրության կարիք ունի և որը հավակնում է դառնալ հեղափոխության մեկնարկը Հայաստանի ողջ արտաքին քաղաքականության ու անվտանգության համակարգում։ Մեր երկրի վարչապետը Թեհրանում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը Իրանի հետ և դառնալ տարանցիկ երկիր իրանական գազի համար։

Փոխադարձ շահագրգռություն

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, որտեղից նրանք ուղևորվել են ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ։ Այստեղ տեղի է ունեցել մեր պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ։ Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, որից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները:

Բանակցություններից հետո Փաշինյանն ու Ռոհանին ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով, որի ընթացքում էլ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով էներգետիկ համագործակցության ընդլայնման հարցին։ Իրանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանն ու Իրանը առայժմ համագործակցում են «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում։ Բայց Իրանը, ըստ երևույթին, մտադիր չէ սահմանափակվել միայն այս ծրագրով։ Հայաստանն էլ փոխադարձաբար է վերաբերվում այս հարցին։

Բանակցությունների ընթացքում խոսելով էլեկտրաէներգիայի ոլորտում Իրան-Հայաստան համագործակցության մասին՝ երկու կողմերը դիտարկել են նաև եռակողմ (Վրաստանի հետ) և քառակողմ (Ռուսաստանի հետ) ձևաչափերով համագործակցությունը։ Ինչ վերաբերում է գազի ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ավելացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները։ Ռոհանին նաև ասել է, որ Իրանը պատրաստ է նաև եռակողմ համագործակցություն ձևավորել՝ իրանական գազը դեպի Վրաստան արտահանելու նպատակով։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր:

«Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային առումով, թե՛ ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մոսկվայի կեղտոտ արշավը Հայաստանի դեմ

Ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետն իր այս հայտարարությունն անում է հայ-ռուսական հարաբերությունների բավական բարդ շրջափուլում և մի իրավիճակում, երբ Ռուսաստանը պետական ու ոչ պետական մակարդակով բացահայտ տեղեկատվական արշավ է սկսել Հայաստանի դեմ, և դա՝ այն բանից հետո, երբ Փաշինյանը, ակնհայտորեն Ռուսաստանին սիրաշահելու նպատակով, բավական ռիսկային քաղաքական քայլ արեց՝ համաձայնելով հումանիտար առաքելություն ուղարկել Սիրիա։ Նախ, Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվեց քարոզչական ռեպորտաժ, որում նշվում էր, թե իբր Թավշյա հեղափոխությունը Հայաստանում Սորոսն է կազմակերպել։ Rentv հեռուստաընկերությունն իր հերթին հեռարձակեց տեսանյութ, որում նշվում էր, թե Մարտի 1-ի գործով կալանավորված «նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է նոր ռեժիմի բռնաճնշումների զոհը»։ Փետրվարի 26-ին ռուսական մեկ այլ պետական հեռուստաընկերության՝ «Ռոսիա-24»-ի «Վեստի» լրատվականը հատուկ ռեպորտաժով անդրադարձավ 1992-ի փետրվարին Խոջալուում տեղի ունեցած դեպքերին, որոնց համար ադրբեջանական քարոզչամեքենան մեղադրում է հայերին։ Տեսանյութն այսպես էր վերնագրված՝ «Ադրբեջանում և ամբողջ աշխարհում հիշում են Խոջալուի ողբերգությունը»։ Բայց որևէ խոսք չեղավ հայերի ջարդերի մասին Սումգայիթում, որոնք սկսվել էին 1988 թ․ փետրվարի 26-ին։ Բացի դրանից՝ Ռուսաստանի Պետդումայի որոշ պատգամավորներ, այդ թվում՝ Պետդումայի միջազգային հարցերի կոմիտեի փոխնախագահ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Իրինա Ռոդնինան, Բաքվում մասնակցել են հակահայկական ակցիայի։ Այս հարցի մասին Մոսկվայում խոսել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ասելով, որ ռուսաստանցի պատգամավորների մասնակցությունը հակահայկական ակցիային անհասկանալի է։

Ռուսաստանից էներգետիկ կախվածության նվազեցման խնդիրը

Այս խորապատկերին Փաշինյանի հայտարարությունը Հայաստանը իրանական գազի տարանցիկ երկիր դարձնելու մասին էլ ավելի հետաքրքրական բնույթ ու ընդգծված քաղաքական երանգներ է ստանում։ Իսկ այն, որ նման հայտարարություններն ուղղակիորեն շոշափում են Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում և կարող են շատ բացասաբար ընկալվել Մոսկվայում, թերևս հավելյալ պարզաբանման կարիք չունի։ Ռուսական գազի մատակարարը՝ «Գազպրոմ» ընկերությունը, մենաշնորհային դիրքեր ունի Հայաստանում և տնօրինում է երկրի գազային ողջ ենթակառուցվածքը։ Մատակարարումներն իրականացնում է «Գազպրոմ Արմենիան» (նախկինում՝ «ՀայՌուսգազարդ»), որը «Գազպրոմի» դուստր ընկերությունն է։ Ընդհանրապես էներգետիկան, զենքի ու անվտանգության հետ միասին, Ռուսաստանի ազդեցության հիմնական լծակներից է տարածաշրջանում։

2013 թ․ դեկտեմբերին Հայաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև ստորագրվեց հայտնի գազային պայմանագիրը, որն էլ ավելի ամրապնդեց Ռուսաստանի մենաշնորհային դիրքերը Հայաստանի էներգետիկ շուկայում՝ սահմանափակելով մեր երկրի գազային համագործակցության հնարավորությունները երրորդ երկրների հետ։ Հատկապես այս իրադարձություններից հետո Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտը դիվերսիֆիկացնելու և հավասարակշռելու, Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը հնարավորինս կրճատելու և այլընտրանքային գործընկերներ փնտրելու խնդիրը դարձավ Հայաստանի հանրային-քաղաքական դիսկուրսի կարևոր հարցերից մեկը։ Իսկ ո՞ր երկիրը կարող է դառնալ Հայաստանի այլընտրանքը էներգետիկ շուկայում, եթե ոչ հարևան Իրանը, որը, ինչպես պնդում են որոշ իրանագետներ, վերջին հետազոտությունների տվյալներով ճանաչվել է գազի պաշարներով աշխարհի ամենահարուստ պետությունը։ Դեռ այն ժամանակ՝ 2013 թ․ նախագահական և Երևանի ավագանու ընտրություններից հետո, երբ պարզվեց, որ ռուսական գազի գինը վաղուց թանկացել է, սակայն դա թաքցրել են հանրությունից, ինչի հետևանքով ՀՀ կառավարությունն ի վերջո ստիպված եղավ օտարել իր վերջին 20 տոկոս բաժնեմասը «ՀայՌուսգազարդ»-ում, իրանցի դիվանագետները մի քանի անգամ քաղաքական ազդակներ ուղարկեցին Երևանին՝ նշելով, որ Իրանը պատրաստ է բարեկամ Հայաստանին գազ մատակարարել շատ ավելի ցածր գներով։ Սակայն այդ հայտարարություններն այդպես էլ մնացին անարձագանք։ Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած նոր ղեկավարությունը, սակայն, ըստ երևույթին, այլ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։

Առաջին և կարևոր քայլը

Բայց պե՞տք է արդյոք Փաշինյանի հայտարարությունը համարենք ազդանշան առ այն, որ նոր կառավարությունը լրջորեն դիտարկում է ռուսական գազին այլընտրանք գտնելու և մեր երկրի էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու հարցը, թե՞ սա պարզապես քաղաքական ուղերձ է Հայաստանի վարչապետի կողմից Կրեմլին՝ վերոնշյալ իրադարձությունների համատեքստում, որը միտված է Ռուսաստանի հետ գազի հարցի շուրջ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելուն։

https://www.tert.am/cache_image/news_images/927/2778926_1/ruben_mehrabyan_e1521303493971-770x510.png

Քաղաքական վերլուծաբան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ այս երկու տարրերն էլ, ըստ էության, առկա են վարչապետի հայտարարության մեջ, և հարցին պետք է նայել համալիր կերպով։

«Սրանք շատ կարևոր հայտարարություններ են, որոնց էությունն ուղղակիորեն բխում է ՀՀ շահերից։ Բացի դրանից՝ այն միանգամայն տեղավորվում է տնտեսական հեղափոխության այն քաղաքական կուրսի մեջ, որը հռչակվել է Հայաստանի կառավարության կողմից։ Ասեմ ավելին՝ դրանք այն անհրաժեշտ քայլերն են, առանց որի հեղափոխությունն ուղղակի չի ստացվի։ Հետևաբար, կարծում եմ, որ սա շատ լուրջ, բայց այնուամենայնիվ, առաջին քայլն է այդ ուղղությամբ։ Համենայն դեպս, սահմանազատվել են շահերը, հռչակվել են նպատակները։ Ընդ որում, այդ նպատակները բխում են նաև Վրաստանի Հանրապետության շահերից՝ հաշվի առնելով «Գազպրոմի» և [ադրբեջանական] SOCAR-ի նրա բարդ հարաբերությունները։ Սա ուղղակի հնարավորություն է Վրաստանի համար՝ դիվերսիֆիկացնելու իր էներգամատակարարումները։ Եվ այդ իմաստով Հայաստանն էլ իր ներդրումն է ունենում այդ գործում։ Այնպես որ, սա մի քաղաքականության մեկնարկ է, որը բխում է տարածաշրջանի զարգացման, եթե կուզեք՝ նաև տարածաշրջանի անվտանգության շահերից։ Այս տեսանկյունից կարծում եմ՝ շատ լուրջ քայլ է արվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փորձագետը։

Սա հակառուսական ծրագիր չէ

Իսկ ինչպե՞ս այս հայտարարությանը կարձագանքի Մոսկվան և չի՞ դիտվի արդյոք Իրանի և Հայաստանի էներգետիկ համագործակցության խորացումը սպառնալիք Ռուսաստանի շահերին։

Հարցին ի պատասխան Ռուբեն Մեհրաբյանն ասաց․ «Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի շահ։ Ռուսաստանն ունի և կարող է ունենալ միանգամայն լեգիտիմ շահեր մեր տարածաշրջանում, բայց մեր գլխին նստելու և մեր գլխին նստած մնալու Ռուսաստանի իշխանության ցանկությունը Ռուսաստանի շահ անվանելը, կարծում եմ, անբարոյականություն է։ Հետևապես, ինչ կմտածի կամ ինչ չի մտածի Ռուսաստանը՝ որևէ ազդեցություն չպետք է ունենա խնդրի վրա։ Ի վերջո, խոսքը գնում է Հայաստանի միանգամայն լեգիտիմ շահերի մասին։ Դա Հայաստանի զարգացման շահն է։ Հայաստանը գոյություն ունի ոչ թե նրա համար, որ սպասարկի Ռուսաստանի շահը, այլ նրա համար, որ սպասարկի նախ և առաջ իր շահերը։ Ուստի Ռուսաստանի խնդիրն է, թե ինչպես է դրան հարմարվելու։ Ի վերջո, սա հակառուսական ծրագիր չէ, այլ ծրագիր է, որը բխում է ՀՀ շահերից»։

Ազատվել գաղութատիրական պայմանագրի կապանքներից

Վարչապետի հայտնած պատրաստակամությունը՝ Իրանի հետ գազային համագործակցությունն ընդլայնելու մասին, անշուշտ, ողջունելի է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ 2013 թվականին Հայաստանի ու «Գազպրոմի» միջև ստորագրված այդ տխրահռչակ պայմանագրով, որը հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «ղազագիր», Հայաստանն իրավունք չունի գազային գործարք կնքել երրորդ պետության հետ՝ առանց «Գազպրոմի» համաձայնության։ ՄԱՀՀԻ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այս առումով շեշտում է՝ Հայաստանն այլևս չի կարող մնալ այդ գաղութատիրական իրավապայմանագրային բազայի պատանդը։
«Նմանատիպ պայմանագրեր կնքվում էին եվրոպացի գաղութարարների կողմից՝ աֆրիկյան ցեղերի հետ, այն էլ 19-րդ դարում։ 20-րդ դարում նման պրակտիկա այլևս չկար։ Եվ երկրորդը, մենք չենք կարող մեզ կամավոր պատանդը համարել այդ գաղութատիրական իրավապայմանագրային բազայի, մանավանդ որ գիտենք, թե ինչպես է այդ պայմանագիրը կնքվել, ինչու և ում կողմից է կնքվել, և արդյունքում էլ տեսնում ենք՝ ինչ ունենք այս պայմանագրից։ Իսկ մենք այդ պայմանագրից, բացի գլխացավից, այլ «օգուտ» չենք ստացել», – նշեց փորձագետը։

Գործընթացի մեկնարկը տրված է

Վերջին ամիսներին շատ ենք խոսել Փաշինյանի ոչ այնքան բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին։ Թեև իշխանության գալուց հետո նա որոշ քայլեր արեց այլ գործընկերների հետ հարաբերությունների աշխուժացման, ակտիվացման ուղղությամբ, այնուամենայնիվ, հիմնականում կենտրոնացած էր Ռուսաստանի հետ հարաբերությունների և հետխորհրդային տարածքում գործող մի քանի ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի անդամակցության և փոխադարձ պարտավորությունների խնդիրների վրա։ Եվ միայն վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում են նկատվում ակտիվ քայլեր նաև այլ ուղղություններով։ Ամսվա սկզբին նա պաշտոնական այցով Գերմանիայում էր, որտեղ էլ հայտարարեց պաշտոնական այցով Իրան մեկնելու մասին։ Ու թեև Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չեն լինելու, իրանական գազի տարանցիկ երկիր դառնալու մասին նրա հայտարարությունը հավակնում է դառնալ հեղափոխության մեկնարկը նաև այս ոլորտում։ Թեև այս պարագայում պետք է ասել, որ խոսքը ոչ թե պարզապես արտաքին քաղաքականության, այլ երկրի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ էներգետիկայի մասին է։

Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Փաշինյանի այդ հայտարարությունն ինքնին հեղափոխական է, բայց սա դեռ գործընթացի առաջին քայլն է։

«Գործընթացը դեռ առջևում է, բայց սա շատ կարևոր է, գործընթացի մեկնարկն է տրված։ Երկրորդը, դուք խոսեցիք Փաշինյանի կողմից Ռուսաստանին հատկացվող մեծ ուշադրության մասին։ Այո, դրա վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ կան, բայց մյուս կողմից էլ մենք պետք է լավ հասկանանք մի բան, որ Ռուսաստանի կողմից եկող հնարավոր վտանգները չեզոքացնելը Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի։ Այո, մենք չենք կարող թույլ տալ ուղղակի առճակատում Ռուսաստանի հետ։ Դա անընդունելի ու անկանխատեսելի ռիսկերի կարող է հանգեցնել։ Հետևաբար, այս գործընթացը պետք է, այսպես ասենք, բարեկամաբար բերվի քաղաքակիրթ, հորիզոնական, իրավահավասար և փոխշահավետ հարաբերությունների հարթություն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում