Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել Մյունխենի «Բավարիա»-ի խաղաոճի վերաբերյալ:
Հիշեցնենք` Պեպ Գվարդիոլայի դավանած մարտավարությունը սկսեց քննադատության ենթարկվել, երբ գերմանական ակումբը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց մադրիդցիներին:
«Ինձ դուր է գալիս Գվարդիոլայի դավանած խաղաոճը: Նա ֆուտբոլում նոր գաղափարներ է ներկայացրել և ունի ֆուտբոլ խաղալու իր հստակ ոճը: Գվարդիոլան հիանալի է կատարում իր աշխատանքը: Հենց նա է ստեղծել «Բարսելոնա»-ի խաղաոճը, որով այժմ խաղում է «Բավարիա»-ն, թեև այնտեղ մի փոքր ավելի բարդ է ներդնել այդ խաղաոճը:
Այդուհանդերձ, մենք դեռ չենք մտածում պատասխան հանդիպման մասին, քանի որ կենտրոնացած ենք Լա Լիգայում «Օսասունա»-ի դեմ կայանալիք խաղի վրա:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գլխավորելու հավանական տարբերակին, ապա ես երջանիկ եմ այստեղ: Այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ խոսակցություններ միշտ էլ լինում են: Ինձ բախտ է վիճակվել աշխատել աշխարհի մեծագույն ակումբում: Ես հարգում եմ «Յունայթեդ»-ը, բայց ցանկանում եմ մնալ այստեղ»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































