Բելառուսում մարդու իրավունքներին առնչվող իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Միկլոշ Հարաստին կոչ է արել երկրի իշխանություններին անհապաղ մորատորիում սահմանել մահապատժի վրա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նրա ուղերձի պատճառը հաղորդագրություններն են այն մասին, որ Բելառուսում իրականացված սպանությունների համար մահապատժի է ենթարկվել Պավել Սելյունինը, իսկ սպանության համար դատապարտված Էդուարդ Լիկովի դեմ կայացված մահվան դատավճիռն անցած շաբաթ Գերագույն դատարանը թողել է առանց փոփոխության:
Հատուկ զեկուցողն ուշադրություն է դարձրել այն բանին, որ 2012-ի դեկտեմբերին Բելառուսում ստեղծված՝ մահապատժի հարցերով խորհրդարանական խումբը դարձել էր հուսադրող իրադարձություն, սակայն, ինչպես ընդգծել է Հարաստին, Սելյունինը մահապաժի է ենթարկվել, չնայած նրա բողոքը դեռևս քննվում է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեում:
Փորձագետը լուրջ անհանգստություն առաջացնող է որակել մահապատիժների իրականացման հանգամանքները, հարազատները չեն ծանուցվում վճռի իրականացման ամսաթվի մասին, իսկ հետո չեն հայտնում, թե որտեղ է հուղարկավորված նրա մարմինը: Անհասանելի է նաև իրականացված մահապատիժների տարեկան վիճակագրությունը:
Մինսկը չի ճանաչում հատուկ զեկուցողի մանդատը և նրան համարում է «ԵՄ-ի քաղաքական նախաձեռնություն»:









































