ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքի բնակչուհին սարսափել է, երբ նկատել է, որ նրա երեքամյա որդին՝ Քաելը փախել է տանից: Կինը ոստիկանություն է կանչել: Արդյունքում, նրան գտել են խաղալիքների ավտոմատի միջից, հաղորդում է Metro-ն:
Չնայած փոքր տարիքին, Քաելը հասկացել է, որ խաղալիքների ավտոմատի մեջ մտնելն ավելի հեշտ է, քան օրինական ճանապարհով այնտեղից խաղալիք դուրս բերելը: Երբ տեղի բոուլինգ կենտրոնի աշխատակիցները հայտնաբերել են նրան, տղան շատ հանգիստ նստած է եղել ավտոմատի մեջ՝ շրջապատված փափուկ խաղալիքներով:
Մինչև հիմա անհայտ է, թե ինչպես է նա այնտեղ հայտնվել:
Երեխայի մայրը, նրան այդքան անսպասելի վայրում հայտնաբերելուց հետո երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Քաելին տուն են ուղարկել փափուկ խաղալիքով, որը նրան նվիրել են բոուլինգ կենտրոնի աշխատակիցները:










































