«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը, ով ունի կոսովո-ալբանական ծագում, ընդունել է Բելգիայի հավաքականում հանդես գալու որոշում:
Այդպիսով, նա բելգիացիների կազմում կարող է մեկնել Բրազիլիա և մասնակցել 2014թ. աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը:
«Ստացել ենք պաշտոնական հաստատում. Ադնան Յանուզայը հանդես կգա Բելգիայի հավաքականում: Սա լավ նորություն է, ես շատ ուրախ եմ, որ կարող եմ հույսեր կապել այդպիսի տաղանդավոր ֆուտբոլիստի հետ»,- գրել է Վիլմոտսը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Յանուզայը, Բելգիայի, Ալբանիայի ու Կոսովայի հավաքականներում հանդես գալու հնարավորությունից զատ, կարող էր ընտրել նաև Անգլիայի և Թուրքիայի ընտրանիների առաջարկները:









































