Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումից հետո խոսակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ գնալով հետաքրքրանում են:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած այս հանդիպումը բավական երկար է տևել՝ մոտ երեքուկես ժամ, ու քանի որ շատ մանրամասներ չեն հաղորդվում զրուցակիցների քննարկած հարցերի մասին՝ որոշ փորձագետներ ենթադրություններ են անում, թե հնարավոր է՝ բանակցության կողմերն այնպիսի հարցեր են քննարկում, որոնք գաղտնի են պահվում, որովհետև հնարավոր չէ 3-4 ժամ պարզապես նստել ու ոչինչ չխոսել կամ պարզապես խոսել ընդհանրական հարցերի շուրջ։ Պարզ է, որ նման մեկնաբանություն անողներն ակնարկում են հիմնախնդրի կարգավորման ինչ-որ ծրագրի, նախագծի քննարկման հնարավորությունը։ Բայց խնդիրն այն է, որ կողմերը, այսինքն՝ պաշտոնական Բաքուն և պաշտոնական Երևանը, խիստ հակասական մեկնաբանություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող քննարկումների վերաբերյալ։
Մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հերթական անգամ խոսել է այսպես կոչված՝ «Լավրովի պլանի» մասին։ Նախարարն ասել է, թե իր հայ գործընկերոջ հետ քննարկվում են «կոնկրետ և իրական հարցեր»՝ ավելացնելով, թե հայկական կողմից ի հայտ են եկել տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է։
««Լավրովի պլանը» մոտ երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունք է: Բայց այն ամեն դեպքում հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Մենք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2019 թվականի մարտի 9-ին արված հայտարարությունը, որում ներկայացված է միջնորդների տեսլականը՝ բանակցություններում առաջընթաց ապահովելու համար: Էությունը շատ պարզ է՝ փուլային: Առաջին փուլում՝ զորքերի դուրսբերում, Ադրբեջանի բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում: Ուստի մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ «խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով»», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է Մամեդյարովի հայտարարությունը՝ ասելով, որ բանակցային սեղանին ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում։
«Չէի ցանկանա համարել, որ այստեղ կա տեխնիկական վրիպակ իրենց կողմից, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»,- մեկնաբանել է Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով. «Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»։
Ի՞նչն է այստեղ էականը։ Եթե խոսում ենք Մամեդյարովի այս վերջին հայտարարության մասին և ուզում ենք հասկանալ, թե ինչ է նա ասում, ու որքանով են իր հայտարարությունները համապատասխանում իրականությանը, ի վերջո՝ որքանով են արտացոլում ավելի քան 20 տարի փակ ռեժիմով ընթացող բանակցային պրոցեսի տրամաբանությունը, պետք է նախևառաջ հաշվի առնենք այն համատեքստը, որը ձևավորվեց մոտ երկու շաբաթ առաջ Սլովակիայի մայրաքաղաքում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման շուրջ։ Այլ խոսքով՝ Բրատիսլավայի բանակցություններից ժամեր առաջ, ինչպես նշել ենք մեր նախորդ վերլուծություններից մեկում, ադրբեջանական կողմն իր եվրոպական դեսպանություններից մեկի միջոցով ներկայացրել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ վերաշարադրելով իր այն հայտնի պահանջները, որոնք, ինչպես տեսանք վերևում, Մամեդյարովը կրկնել է CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ որպես իբր թե կարգավորման առաջին փուլում նախատեսվող քայլեր։
Եթե այս տեսանկյունից նայենք վերջին հայտարարություններին, ապա ըստ էության պարզ է դառնում, որ Ադրբեջանը դիվանագիտական-տեղեկատվական որոշակի արշավ է իրականացնում՝ փորձելով իր պահանջները, իրեն ցանկալի կետերը հարմարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների այն առաջարկներին, Մադրիդյան սկզբունքների այն տարրերին, որոնց մասին համանախագահները հիշեցրին ս.թ. մարտի 9-ին հրապարակված հայտարարության մեջ:
Այս ամենից, բնականաբար, տրամաբանական մի շարք հարցեր են բխում՝ ի՞նչ վիճակում է այսօր բանակցային պրոցեսը Բրատիսլավայից հետո, ո՞ւր ենք հասել, կա՞ արդյոք վտանգ, որ երկու կողմերի դիրքորոշումների արմատականացումը կրկին կտանի դեպի դիվանագիտական փակուղի՝ մեծացնելով նոր պատերազմի ռիսկերը:
«Առաջին լրատվական»-ի խնդրանքով հարցերը մեկնաբանել է ամերիկյան «Սթրաթֆոր» (Stratfor) հետախուզական-վերլուծական կենտրոնի Եվրասիա բաժնի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին՝ ասելով, թե իր կարծիքով՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարն այսօր նույնքան աղոտ է, որքան 2016 թվականի հայտնի դեպքերից հետո, բայց հակամարտության լուրջ սրացման ռիսկերն էլ մեծ չեն:
Ամբողջ այս պրոցեսում ամերիկյան հայտնի կենտրոնի վերլուծաբանը առանցքային տեղ է հատկացնում Ռուսաստանին՝ ասելով, որ կոնֆլիկտի պահպանումը կամ այլ խոսքերով՝ չլուծված լինելը բխում է Մոսկվայի շահերից, քանի որ դրա միջոցով նա կարողանում է կարգավորել իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ ու պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում:
«Քանի դեռ Ռուսաստանի շահը պահանջում է պահպանել հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, ու հասնել հավասարակշռության նրանց միջև, չարժե ակնկալել, որ Մոսկվան աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական ճեղքման, առաջընթացի հասնելուն: Բայց մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը կփորձի զգույշ լինել, որպեսզի թույլ չտա մի նոր էսկալացիա՝ ինչպիսին եղավ 2016 թվականին: Իհարկե, հակամարտության սրացման ռիսկը հնարավոր չէ ամբողջությամբ կառավարել, բայց ռազմավարական այն էլեմենտները, որոնք ընկած են ներկա իրավիճակի հիմքում, գոնե կարճաժամկետ հեռանկարում կմնան անձեռնմխելի»,- կարծիք հայտնեց Ե. Չաուսովսկին:












































