Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվեց Արմեն Մինասյանի գործի դատական քննությունը:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Արմեն Մինասյանի մեղավորությունը դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի նոյեմբերի 18-ի երեկոյան Արմեն Մինասյանը դանակով սպանել է իրենց թաղեցի Եղիային:
Եղիան մի խումբ երիտասարդների հետ 1993 թվականին հրկիզել էր Արմեն Մինասյանի հայրական տունը:
Ոչնչացել էր Արմենի ծնողների առանձնատունը, թալանվել ամբողջ գույքը:
Մինչև օրս Արմենի ծնողներն ու Արմենի ընտանիքն ապրում են ավտոտնակում, իրենց խոսքերով՝ անմարդկային պայմաններում:
Հրկիզողները պատասխանատվության չեն ենթարկվել, մնացել են անպատիժ:
7 տարի անց՝ 2000 թվականին, Արմենը ծեծել է Եղիային, քրեական պատասխանատվության ենթարկվել՝ վեց ամիս պատիժ է կրել:
Հետո Արմեն Մինասյանը Եղիայի հետ չի շփվել, չնայած նույն թաղում են ապրել: Եղիան հարբեցող է դարձել:
13 տարի անց՝ 2013 թվականի նոյեմբերի 18-ին Եղիան փորձել է խոսել Արմենի հետ, բայց խոսակցությունը չի ստացվել: Խմել են ու բաժանվել:
Երեկոյան Արմենը գնացել է Եղիայի տուն:
Արմենի այցից դժգոհ Եղիան, ըստ Արմենի, վերցրել է ավտոտնակում ձեռքի տակ ընկած ուրագը, հարվածել Արմենի գլխին, վնասվածք է պատճառել:
Արմենը ձեռքն է առել ավտոտնակում եղած դանակներից մեկը ու մի քանի հարված է հասցրել Եղիայի որովայնի շրջանին:
Ստացած վնասվածքներից Եղիան մահացել է:
Մեղադրող դատախազը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 11 տարի ազատազրկման:
Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի առավ, որ ամբաստանյալի խնամքին մինչև 14 տարեկան անչափահաս երեխա կա, ինչպես նաև՝ որ հանցանքը կատարելու պահին Մինասյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Արմեն Մինասյանը դատապարտվեց 10 տարի ազատազրկման:






































