ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ մինչ այժմ պարզ չէ, թե որոնք են ընդդիմության անելիքները վարչապետի փոփոխությունից հետո: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, որ հստակ չէ՝ քառյակի մաս կազմող կուսակցությունները ինչպես են գնահատում Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում:
«Անորոշ վիճակ է, անհասկանալի է՝ ընդունո՞ւմ են այդ նշանակումը, թե՞ ոչ: Ելնելով դրանից՝ անհասկանալի է, թե որոնք կլինեն նրանց անելիքները: Ի վերջո՝ վարչապետի փոփոխությունը էական ու քաղաքական հարց է, սակայն մենք հստակ պատասխան չենք տեսնում՝ նրանց կողմից ընդունելի՞ է այդ նշանակումը, թե՞ ոչ»,- ասաց նա:
Սարգսյանն անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ քառյակի մաս կազմող կուսակցություններից միայն ՀԱԿ-ը չընդունեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման հրավերը, և ընդգծեց, որ դա էլ անորոշության մի օրինակ է. «Քառյակը տարբեր մոտեցումներ ունի նույնիսկ համագործակցության հետ կապված, նրանց միասնական անելիքները դժվարանում են, դեռևս իրենք չգիտեն իրենց անելիքները»:
Նա նաև անդրադարձավ «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայի մաս չկազմելու վերաբերյալ հայտարարությանը: Մեր այն հարցին, թե արդյոք այդ կուսակցությունը, իր դիտարկմամբ, կսկսի՞ համագործակցել «հրաշալի քառյակի» հետ, պատասխանեց. «Նույնպես պարզ չէ. ինչքան ես գիտեմ՝ կտրուկ բացասական արտահայտություններ միայն ՀԱԿ-ից են հնչել ՕԵԿ-ի հետ համագործակցության առումով, այն էլ՝ մասնավոր կարծիքներ:
Ընդհանրապես առաջին անգամ չէ՝ 2006-ին էլ կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից՝ նայած ինչպես են գնահատում իրենց ապագա գործունեությունը: Սակայն այս դեպքը նախորդներից մի քիչ տարբերվում է, որովհետև Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում կազմում է բացարձակ մեծամասնություն, և կոալիցիայի գաղափարը նույնիսկ աբսուրդ է:
Դա ավելի շատ համագործակցություն էր իշխանական ճամբարում, և հիմա որևէ նշանակություն չունի՝ կա՞ այն, թե՞ ոչ: Երևի թե ելնելով դրանից էլ՝ ՕԵԿ-ը որոշել է, որ այնտեղ անելիք չունի, իսկ թե ինչով կզբաղվեն հետագայում՝ դա արդեն իրենց որոշելիքն է»:











































