«Ինտերնետը որ լրիվ վարի գնա, գրքերի վաճառքը կլավանա»,- ասում է Վերնիսաժի գրավաճառներից մեկը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գրավաճառները նշում էին` տարիների ընթացքում գրքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է` պայմանավորված թե սոցիալական վիճակով, թե համացանցի գոյությամբ: Գրքեր գնում են հիմնականում ուսանողները, այն էլ` միայն ծրագրային (թե դասագրքեր, թե գեղարվեստական գրականություն), ասում են` քննության համար պիտի պատրաստվեն, դրանից հետո այն պետք չի: Գնորդները երբեմն սակարկում են` հակառակ նրան, որ արդեն իսկ գրքերը չափազանց մատչելի են. Վերնիսաժից գիրք կարելի է գնել անգամ 300 – 400 դրամով: Վաճառում են թե սեփական արխիվից, թե օրվա պահանջին համապատասխան ձեռք բերված գրքեր:
23 տարի դպրոցում իբրև անգլերենի ուսուցիչ աշխատած Ֆրունզիկ պապն արդեն 15 տարի է` գիրք է վաճառում: Նա համոզված է` ինչ էլ փոխվի, մենք` հայերս, ավելի պահպանողական ժողովուրդ ենք, քան ուրիշները: «Գիրքը ես համեմատում եմ երաժշտության հետ: Համակարգչով կարդալով՝ գիրք կարդալը ո՞նց կարելի է փոխարինել. ոչ մի բան չի կարող մեկ այլ բանի փոխարինել: Համակարգչից մի երկու նախադասություն կարող է կարդան, ձանձրանան, իսկ գիրքը միշտ պատրաստ է օգնել»,- ասաց նա: Նրա խոսքով` հետաքրքրությունը մեծ է Պարույր Սևակի հատորների հանդեպ, երգարաններն են շատ պահանջված` գուսանական, աշուղական երգեր, հայ երգանի:
Գրավաճառի համար գիրք վաճառելը միայն ապրուստի միջոց չէ. նա փորձում է դրանով նպաստել ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, գիրքը երբեք հնամաշ վիճակով վաճառքի չի հանում. սեփական միջոցներով անգամ կազմում է դրանք, միայն թե գիրքն ընթերցողին հասնի նորմալ վիճակով: Գրքեր կան, որոնք կարող է չափազանց մատչելի վաճառել, սակայն կան նաև գրքեր, որոնք մշտապես իրենց արժեքն ունեն: Մանրամասները` տեսանյութում:








































