«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ Տոնական Սարգսյանը Ռուսաստանից Հայաստան է եկել անցած տարվա վերջին՝ ընտանիքի հետ Ամանորը նշելու, սակայն երբ ցանկացել է կրկին մեկնել արտագնա աշխատանքի, պարզվել է, որ Ռուսաստանի դռները նրա համար փակ են:
«Իմ անվան դիմաց կոնկրետ գրված է, որ հիմք կա չթողնելու Ռուսաստան»,- ասել է Սարգսյանը։
Թե երբ նա կրկին իրավունք կստանա վերադառնալու, չգիտի. խոստովանում է, որ իսկապես վերջին տարիների ընթացքում երկու անգամ խախտել է միգրացիոն օրենքը, սակայն տուգանքները վճարել է: Ռուսաստանում որպես շինարար է աշխատել ու բավականին բարձր վարձատրվել, այստեղ արդեն 4-5 ամիս է չի աշխատում: Հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելը հատկապես վերջին տարիներին եկամտաբեր չէ: Գյուղը ոռոգման ջուր գրեթե չի ստանում:
«Մինչ օրս ոչ մի կոպեկ չեմ աշխատել, որ աշխատանք չկա, որտեղից աշխատեմ»,- ասել է Սարգսյանը.- «Ես իմ սեփական այգին եմ մշակում, բայց ցուրտը տարել է, ոչ մեկի մտքով էլ չի անցնում, թե կարելի է գյուղացիներին ինչ-որ բանով օգնել»։
Գյուղի մեկ այլ բնակիչ Ալբերտ Հակոբյանը Ռուսաստանի միգրացիոն ծառայության կայքում իր անվան դիմաց որևէ նշում չի գտել: Տոմս է գնել ու սովորականի պես թռել Ռուսաստան:
«Տոմս վերցրեցի, թղթերը տվի նայելու, ոչ մի բան չկար, մաքուր էր, գնացինք էնտեղ, տամոժնին բաց չթողեց՝ չեք կարա անցնեք ու ֆյսո… էլ ոչ բան չասին, մենակ ասին, որ հետադարձ ռեյսով պտի հետ գնաք Հայաստան։ 100 հազար մենակ տոմսի փողն էր»,- պատմեց Հակոբյանը ու պնդեց, որ Ռուսաստանում աշխատելու ընթացքում ոչ մի խախտում թույլ չի տվել։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս նույն իրավիճակում 2014-ի սկզբից հայտնվել են մոտ 30 հազար Հայաստանի քաղաքացիներ: Դա յուրաքանչյուր տարի Ռուսաստան աշխատանքի մեկնողների ավելի քան 1/3-ն է:
Ու թեև Հայաստանի իշխանությունները տարբեր համաձայնագրեր ու հուշագրեր ստորագրելով Ռուսաստանի հետ հույս ունեն, որ ավելի լայն հնարավորություններ կբացվեն Մաքսային միություն գնացող մեր երկրի աշխատաշուկայի համար, սակայն ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը գործընկերային ու ռազմավարական չէ:
«Ակնհայտ է, որ ետխորհրդային երկրների հետ հարաբերություններ կառուցել գործընկերային հարթությունում Ռուսաստանը չի պատրաստվում։ Անկախ նրանից, թե ով ինչպիսի գնահատական է տալիս Ուկրաինայի իրադարձություններին, դրանք ցույց տվեցին մի բան, որ պուտինյան Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում թքած ունենալով նաև Արևմուտքի կարծիքի վրա, պատրաստ է գնալ այնպիսի լուծումների, որոնք պարունակում են նաև ուժային բաղադրիչ»,- ասել է Գաբրիելյանը։
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում:







































