Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Իրավիճակը փոխվել է. Ադրբեջանը կործանելու հնարավորություն ունենք

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է միջազգային տարբեր հարթակներից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորության մասին և ներկայացնել պաշտոնական Երևանի մոտեցումներն ու մասնավորապես իր տեսակետները Արցախի հարցի վերաբերյալ։ Վերջին անգամ վարչապետն այս հիմնախնդրին անդրադարձել էր օրեր առաջ՝ Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակներում։ Փարիզում Փաշինյանն առիթ ունեցավ պատասխանելու նաև ադրբեջանցի մի պատվիրակի հարցապնդմանը՝ ընդգծելով, որ վերջինիս այն արտահայտությունը, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է», կեղծիք է և իրականությանը չի համապատասխանում:

Այս անգամ Հայաստանի վարչապետը առիթ է ունեցել անդրադառնալու մեր տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին ու ներկայացնելու մի քանի տասնամյակ հայերի և ադրբեջանցիների միջև շարունակվող հակամարտության էությանը Իտալիայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում։ Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հանդիպելուց հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում՝ հանդես գալով ծավալուն ելույթով, որի մեխը կրկին ղարաբաղյան հիմնախնդիրն էր։ Հարավային Կովկասի ռազմաքաղաքական իրավիճակի համատեքստում վարչապետը հիշեցրել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են շրջափակման մեջ պահել Հայաստանը: Ներկայացրել է այս երկու երկրներից բխող սպառնալիքներն ու Հայաստանի համար առաջացրած տնտեսական և այլ խնդիրները։ Նշել է, որ մեր անվտանգության ամենամեծ մարտահրավերը ղարաբաղյան հակամարտությունն է։ Մանրամասն ներկայացրել է կոնֆլիկտի նախապատմությունը, ընդգծել Ադրբեջանի բանակցություններին Արցախի իշխանությունների մասնակցության անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում այն, որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից ուզում են, որ Լեռնային Ղարաբաղը մաս կազմի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց մյուս կողմից չեն ցանկանում երկխոսել, բանակցել այդ շրջանի ներկայացուցիչների հետ: Փաշինյանի կարծիքով՝ դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները փաստորեն չեն ցանկանում բանակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ պարզապես այն պատճառով, որ նրանք սոսկ տարածք են ուզում, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի:

«Դա նշանակում է, որ նրանք հույս ունեն հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով, այն է՝ գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքը, անցկացնել էթնիկ զտումներ և ազատվել ինչպես հայերից, այնպես էլ ինքնին այդ խնդրից», – ասում է Հայաստանի վարչապետը՝ ավելացնելով, որ իրոք շատ պատճառներ կան հավատալու, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստում է իր հասարակությանը պատերազմի: Սա է պատճառը, որ Ալիևի վարչակարգը հակահայկական տրամադրություններ է բորբողքում ժողովրդի մեջ ու հսկայական ռեսուրսներ է ծախսում սպառազինության վրա:

«Բայց անկախ այս բոլոր հանգամանքներից՝ Հայաստանը ձեռնարկում էկոնկրետ քայլեր հակամարտության փոխընդունելի լուծում գտնելու ուղղությամբ: Այդ նպատակով մոտ մեկ տարի առաջ ես հրապարակավ հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ իր ելույթի վերջում նշելով, որ ղարաբաղյան հիմնախնդիրը շատ բարդ ու ցավոտ հարց է տարածաշրջանի ժողովուրդների համար, և հնարավոր չէ լուծել այն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության: «Բայց եթե մենք ստանձնել ենք պատասխանատվություն մեր ժողովուրդների ապագայի համար, ապա պետք է ջանքեր գործադրենք իրական փոփոխությունների հասնելու նպատակով»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։

– Պարոն Անտինյան, ի՞նչ կասեք վարչապետի ելույթի մասին:

– Եթե մենք նայենք մեր վարչապետի ելույթների դինամիկան ղարաբաղյան հարցի վերաբերյալ, ապա կտեսնենք, որ, այո՛, փոփոխություն կրել է: Բայց ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Եթե մարդ ինչ-որ պատկերացում ունի, խոսում է դրա մասին, ամբողջ հանրային դաշտն ու միջազգային հանրությունն է դրան անդրադառնում, և ինքն էլ հնարավորություն է ունենում ձեռքբերած փորձով վերանայել կամ վերարժևորել ինչ-որ բան, ապա ես դրան շատ նորմալ եմ նայում: Մենք հիմա տեսնում ենք արդյունքը՝ այս մեկուկես տարվա ընթացքում կորուստ ունեցե՞լ ենք: Ո՛չ, չենք ունեցել: Երկրորդը, եթե նայենք այսօրվա իրավիճակին՝ դա մեզ համար շահեկա՞ն է, թե՞ ոչ: Բացարձակապես: Ուրեմն ելնենք այդ իրողությունից:

Հիմա ի՞նչ է նա ասում: Առաջինը, խոսք գնաց այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ուղղակիորեն մասնակցի բանակցություններին, որովհետև ինքը, որպես վարչապետ, լիազորված չէ խոսելու Լեռնային Ղարաբաղի անունից: Տեսանք, թե դա ինչ արձագանք ստացավ: Հետո նա ասաց՝ հարգելիներ, եթե մենք հիմա բանակցում ենք, Բաքուն ասում է՝ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ենք, բայց մենք բանակցել ենք: Այսինքն՝ սխալ կլինի ասել, թե «Արցախը Հայաստան է և վերջ» դիրքորոշումը դեստրուկտիվ է, որովհետև մենք տեսել ենք՝ այդ դեստրուկտիվիզմը կար Ադրբեջանի կողմից: Այդ դեպքում ինչո՞ւ էինք մենք բանակցում, եթե մենք համաձայն չէինք դրան:

Ուրեմն եկանք հաջորդ փուլին: Եթե խոսքն այն մասին է, որ լուծումը պետք է ընդունելի լինի և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար, և՛ Ադրբեջանի ժողովրդի, ապա դա միանգամայն հասկանալի, նորմալ բան է: Ո՞վ չի հասկանում, որ եթե հասարակությունը, ժողովուրդը չընդունի հիմնախնդրի կարգավորման ներկայացված տարբերակը, լինի ավտորիտար, եթե չասենք՝ տոտալիտար Ադրբեջանում, թե լինի Հայաստանում ու Արցախում, դուրս կգան փողոց ու կքշեն իշխանություններին: Այնպես չէ, որ Ադրբեջանում էլ է շատ հանդարտ: Մենք գիտենք, որ պարբերաբար լարումներ, բողոքի ցույցեր, հուզումներ են լինում, և Ալիևը ստիպված է լինում Արցախի վերաբերյալ հայրենասիրական բաներ ասել, որ իրեն հնարավորություն տան շարունակելու պաշտոնավարումը: Նշանակում է՝ խոսքը գալիս, հանգում է նրան, որ այս պահին մենք չենք տեսնում այնպիսի լուծում, որը կգոհացնի երեք ժողովուրդներին էլ:

Տեսականորեն նորմալ է հնչում՝ միասին որոշենք, ժողովուրդներն էլ համաձայնության գան, անենք: Բայց այսօր այդ փոխզիջումը հնարավոր չէ մի պարզ պատճառով, որովհետև Հայաստանն ունի առավելագույնը: Բնականաբար, այդ նույն առավելագույնն ունի նաև Արցախը: Իսկ Ադրբեջանը կորցրել է, հազիվ կարողացան բանակցել, որ ավելին չկորցնեն: Հիմա Ադրբեջանն ուզում է ամբողջը հետ բերել, մենք ուզում ենք ամբողջը պահել: Ու դեռ մեր հասարակություններն էլ պատրաստ չեն՝ ինչը զիջենք ինչի դիմաց: Միջազգային հանրությունը աշխատանք տարավ՝ ասելով, որ ձեր հասարակություններին պատրաստեք խաղաղությանը կամ փոխզիջումներին, բայց դա էլ արդյունք չտվեց, որովհետև եթե անընդհատ սահմանի վրա կրակում են՝ ինչպե՞ս ես հասարակությանը նախապատրաստում խաղաղության: Եթե հասարակության ներսում մեկը կանգնում, մի խաղաղասիրական բան է ասում, զոհի հարազատն ասում է՝ ո՞նց հասկանանք, մեր երեխային սպանեցին սահմանի վրա:

– Հիմա իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Մեկ-երկու ամիս առաջ մենք խոսում էինք այն մասին, որ հռետորաբանությունն է սրվել Բաքվի և Երևանի միջև, ինչը կարող է ռազմական լարվածություն առաջացնել, բայց հիմա, փառք Աստծո, իրադրությունը բավական խաղաղ է: Ինչո՞վ է դա բացատրվում:

– Բարեբախտաբար, մենք ունեցել ենք հնարավորություն հենց ձեզ հետ ունեցած հարցազրույցում ասելու, որ երբ հայկական կողմը սուր հայտարարություններ է արել, խոսում էին, թե դա հանգեցնելու է պատերազմի, բայց ինչպես տեսնում ենք՝ դա պատերազմի չհանգեցրեց: Ու նույնիսկ այսօր իրավիճակն այնպիսին չէ, որ ասենք՝ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի: Ադրբեջանը տարիներով նախապատրաստվել է: Այնպես չէ, որ այսօր ինչ-որ առանձնահատուկ իրավիճակ է: Այսօր Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, նույնիսկ եթե տասնապատկի իր սպառազինությունը: Բայց դա չպետք է մեզ գոհացնի: Մենք այլ բանի մասին ենք խոսում՝ թեկուզև նա պատրաստ չէ, բայց, միևնույն է, պատրաստվում է լրջորեն՝ հաշվի առնելով և՛ աշխարհաքաղաքական, և՛ տարածաշրջանային իրավիճակը, և՛ իր ներպետական իրավիճակը, և՛ մերը:

– Ադրբեջանը շարունակում է սպառազինվել և էապես ավելացնում է իր ռազմական բյուջեն: Սա արվում է կարճաժամկե՞տ ծրագրերի համար, թե՞ երկարաժամկետ:

– Ադրբեջանը նախապատրաստվելով ցույց է տալիս իր հասարակությանը, որ «միևնույն է, ժամանակն աշխատում է մեր օգտին, սպասեք՝ ավելի շատ ուժեղանանք և վերցնենք»: Որովհետև կյանքը ցույց է տալիս, որ բանակցային ճանապարհով հարցը չի լուծվելու:
– Սովորաբար ընդունված է եղել այն տեսակետը, որ Ադրբեջանը Հայաստանի հյուծման, ջլատման քաղաքականություն է վարում՝ ագրեսիվ գործողությունների, տնտեսական, քաղաքական ճնշման, շրջափակման միջոցով թուլացնելու Հայաստանը և երկարաժամկետ հեռանկարում հասնելու ինչ-որ արդյունքի: Այս ռազմավարությունը շարունակվո՞ւմ է իրականացվել, թե՞ վերջին մեկ տարվա ընթացքում փոխվել է:

– Այսպես նայենք հարցին: Ադրբեջանը կարող է դա անել՝ հաշվի առնելով այն, որ իր բնակչությունը թվով ավելի մեծ է, քան Հայաստանի բնակչությունը, և աճի դինամիկան ավելի բարձր է, քան մեզ մոտ, հաշվի առնելով իր տնտեսական հնարավորությունները, էներգառեսուրսները և այլ գործոններ: Այդ ամենը հասկանալի է: Բայց այսօր, միևնույն է, ուժերի հարաբերակցությունը չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը հարձակողական պատերազմով հաջողություն կունենա: Նա ավելի շատ իր հասարակությանն է տրամադրում նրան, որ «տեսեք, մենք օր-օրի զարգանում ենք, օր-օրի առաջ ենք գնում և ինչ-որ մի պահի, համբերեք, մենք այդ հարցը կլուծենք, ոչ միայն վերցնելու ենք Լեռնային Ղարաբաղը, այլև Զանգեզուրն ու Երևանը»: Նա ընդամենը ոգևորում է իր հասարակութանը՝ ասելով, թե «ինձ ժամանակ տվեք, որ ավելի լավ նախապատրաստվեմ»: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կարճատև պատերազմով հնարավոր չէ արդյունքի հասնել: Նրանք այլևս նման քայլի չեն գնալու:

Հաջորդը պատրաստվում են լայնամասշտաբ պատերազմի: Իսկ լայնամասշտաբ պատերազմն այդքան հեշտ չէ իրականացնել, նույնիսկ եթե միջազգային հանրությանը մի կողմ դնենք: Միջազգային հանրությունը չէ նրա զսպաշապիկը: Այսօր նա պատերազմի պատրաստ չէ, նա վստահ չէ, որ այդ երկրում ցնցումներ չեն լինի: Նա վստահ չէ, որ իր երկիր չեն գա «Իսլամական պետության» զինյալները, որոնք դուրս են մղվում Մերձավոր Արևելքից: Այսօր նա վստահ չէ, որ գլուխ չեն բարձրացնի ազգային փոքրամասնություններն իր տարածքում, և պարզապես վստահ չէ, որ կհաղթի: Որովհետև նա գիտի մի պարզ բան, որ ժամանակներն արդեն փոխվել են, և արցախյան առաջին պատերազմի զենքերով այլևս չեն կռվում: Այսօր լրիվ ուրիշ իրավիճակ է: Այսօր մենք Ադրբեջանը կործանելու հնարավորություն ունենք: Դա էլ է զսպող գործոն: Ադրբեջանցիները չեն պատրաստվում կործանվել նրա համար, որ փորձեն ինչ-որ մասը հետ բերել: Նրանք ուզում են՝ հաղթեն: Իսկ այդ հաղթանակը այս իրավիճակում այդքան հեշտ չի լինելու:

– Իմիջիայլոց, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Ա1+»-ի հետ հարցազրույցում ասել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է զգոն լինեն, քանի որ Ադրբեջանը ներքին խնդիրներ ունի և կարող է փորձ կատարել ներքին լարվածությունը թուլացնելու պատերազմական գործողություններով: Այդպիսի լուրջ խնդիրներ կա՞ն այսօր Ադրբեջանում՝ ինչպես, օրինակ, 2015 թ.-ի վերջին, 2016 թ.-ի սկզբներին:

– Այդպիսի խնդիր Ադրբեջանը ունի: Նա նաև տեսնում է, որ նմանատիպ խնդիրներ առաջանում են թեկուզ Սիրիայում: Տեսնում է Թուրքիայի անհանգստությունը, որ եթե հանկարծ քրդերը գլուխ բարձրացնեն, ինքը կարող է տարածքային կորուստներ ունենալ: Ինքն էլ ունի այդ խնդիրը, որովհետև ինքն էլ փորձել է ուծացման ճանապարհով կամաց-կամաց վերացնել Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդներին, որ նրանք այլևս չունենան իրենց ինքնությունը: Իհարկե, նա այդ խնդիրն ունի: Բայց խնդիրն այդքան պարզ չէ: Բաքուն կարող է՝ փորձի ակտիվություն հանդես բերել արտաքին ճակատում, որ համախմբի իր հասարակությանը, բայց երբ պատերազմ սկսի՝ ներքին ճաքեր ունենա: Բայց այնպես չէ, որ նա վստահ է, թե այդ պատերազմում հաջողություն կունենա ոչ միայն Հայաստանի դեմ պայքարում, այլև ներսում պրոբլեմ չի ունենա, որովհետև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները չեն համարում, որ Արցախի պատերազմն իրենց սրբազան պատերազմն է: Նրանք հավակնություններ չունեն Արցախի տարածքի նկատմամբ, որովհետև նրանք, գտնվելով Ադրբեջանի տարածքում, իրենց մեկ ուրիշ Արցախ են պատկերացնում: Նույնիսկ երանի են տալիս Արցախին, որովհետև Արցախը անկախ պետականություն ունի, ինքնուրույն, կոմպակտ բնակեցված հայկական բնակչություն: Իրենք ի՞նչ ունեն: Իրենք ո՞ւմ համար են կռվում, ինչի՞ համար են կռվում: Կռվում են, որ օգնեն Ադրբեջանին վերացնե՞լ Արցախը:

– Հայաստանում թերևս առանձին, շատ նեղ շրջանակներ կան, որ ուշադրություն են դարձնում այս կարևոր հարցին՝ ասելով, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին ոտքի հանելը, նրանց ազգային-ազատագրական պայքարին աջակցելը լավագույն ձևն է մեր անվտանգության սպառնալիքներն այս կողմից չեզոքացնելու համար: Բայց կոնկրետ քաղաքականություն չկա այս հարցի վերաբերյալ: Բացի այդ, մենք միշտ ասում ենք, թե թալիշները, թաթերը, լեզգիները ճնշված են Ադրբեջանում, դժգոհ են Բաքվի բռնապետական վարչակարգից, բայց վերջերս տեսանք, որ հին աղվանական ժողովուրդներից դեռևս այս տարածքում ուդիները ամբողջությամբ ներգրավվել էին Ադրբեջանի կեղտոտ քարոզչության մեջ, գնացել էին Աղթամար կղի և հայտարարել, թե իբր Սուրբ Խաչ եկեղեցին աղվանական եկեղեցի է, որը ռուս ցարը 19-րդ դարում նվիրել է հայ եկեղեցուն:

– Խնդիրն այն է, որ ցանկացած ավտորիտար կամ տոտալիտար երկրի ազգային փոքրամասնություն միշտ լինում է իշխանության կողմը: Վերցնենք թեկուզ Սիրիայի օրինակը: Հայկական համայնքը որևէ պարագայում իշխանության դեմ դուրս չի գա, քանի որ իրենք միշտ իշխանության հետ են եղել, որովհետև տոտալիտար կամ ավտորիտար երկրում չլինեն իշխանության հետ, նրանց կասեն՝ այդ ի՞նչ եք ձեզ թույլ տալիս, ու շատ լուրջ ճնշումներ կարող են լինել: Հետո իրենք կանգնում են փաստի առաջ, որ կարող են հանկարծ տապալել այդ իշխանությանը: Ստացվում է, որ իրենք ծառայում են նախկինին: Ու ստիպված պաշտպանում են իշխանությանը, որպեսզի նրան գցելուց հետո իրենք պատասխան չտան: Այսինքն՝ խոսել, որ մենք կարող ենք դրսից ոտքի կանգնեցնել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, գերագնահատված է ու անարդյունավետ, որովհետև նրանց կմեղադրեն դավաճանության մեջ: Դա շատ վտանգավոր է: Իրենք են դրան հասնելու մոբիլիզացվելով, երբ Ադրբեջանը չհիմնավորված պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Այսինքն՝ պետք չէ ցույց տալ, որ մենք դրսից օգնում ենք նրանց, որ ներսից քանդեն: Դրա վրա ժամանակին սխալվել է նաև Հիտլերը, որ մտածել է, թե եթե դրսից հարձակվի հարյուրավոր ազգերից ու ազգություններից բաղկացած Խորհրդային Միության վրա, այն ներսից կքայքայվի: Բայց մենք տեսանք, որ հակառակն եղավ. մոբիլիզացվեց, որովհետև տոտալիտար երկիր էր:

Մենք այլ բանի մասին են խոսում՝ եթե չհիմնավորված պատերազմ լինի: Նրանք էլ են հասկանում, որ Արցախը Ադրբեջանի տարածք չէ: Ադրբեջանն այսօր չարդարացված պատերազմ է մղում, առավել ևս այսքան տարի հետո, երբ մի նոր սերունդ է ծնվել, մեծացել, որն ադրբեջանցի չի տեսել և գիտի, որ սահմանից այն կողմ թշնամի է: Բայց եթե Ադրբեջանը չհիմնավորված պատերազմ սկսի՝ այդ ժամանակ ազգային փոքրամասնությունները կարող են ներսից ոտքի կանգնել, որ ասեն՝ եկեք դադարեցնենք այս անմիտ պատերազմը, պարտադրենք խաղաղություն ներսից: Դա ուրիշ խնդիր է: Մենք այս գործոնը պիտի իմանանք, այս գործոնը պիտի հաշվի առնենք, եթե կարող ենք այդ գործոնի վրա նրբորեն ազդել: Բայց դա երբեք չպիտի դիտվի Հայաստանի կողմից միջամտություն, որովհետև դա կարող է հակազդեցություն առաջացնել: Նրանք կհամախմբվեն այն իշխանության շուրջ, որին իրականում չեն ընդունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում