Միջազգային քրեական դատարանը Հաագայում ստացել է Ուկրաինայի կառավարության հռչակագիրը՝ ճանաչելու ՄՔԴ-ի իրավասությունը Կիևի Մայդանում 2013 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2014 թվականի փետրվարի 22-ը ժամանակահատվածի իրադարձությունների հետաքննության նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է korrespondent.net –ը։
Ինչպես պարզաբանել է ՄՔԴ քարտուղար Գերման ֆոն Հեբելը, դիմելու փաստը անպայմանորեն չի նշանակում, որ հետաքննությունն ինքնաբերաբար անցկացվելու է, սակայն դա թույլ կտա դատարանի դատախազին նախաձեռնել քննություն այն դեպքում, եթե ներկայացված ինֆորմացիան կլինի բավարար հիմք հետագա գործողությունների համար։
Հաագայում BBC-ի թղթակից Աննա Հոլիգենը հաղորդում է, որ Միջազգային քրեական դատարանի դատախազը կարող է նաև միջնորդել ՄՔԴ դատավորներին՝ դատարան ներկայանալու կամ ձերբակալելու թույլտվություն այն անձանց համար, ովքեր մեղադրվում են հանցագործությունների կատարման մեջ։










































