Լուրեր
Հեղափոխական իշխանության պայմաններում հանքերի սեփականատերերը իրենց նույն՝ լկտի կերպով են դրսևորում
  • 16:08
  • 2019-11-21
  • Դիտումներ՝ *

«Դա շատ օրինաչափ վարքագիծ է այսօրվա հանքարդյունաբերական ընկերությունների համար. ճանճը տզզում է՝ իրենք դատի են տալիս: Այդ վարքագիծը նպատակ ունի պարալիզացնելու, ճնշելու, քանի որ իրենք չունեն ժամանակի և ֆինանսական խնդիրներ՝ կարող են վարձել փաստաբանական գրասենյակներ և հարձակվել մեզ վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած դատական հայցին ընդդեմ «Առաջին լրատվական»-ի:

Արթուր Գրիգորյանը շեշտադրեց պետության իրավակիրառական և օրենսդիր դերը. «Այստեղ խնդիր կա ապացուցելու, իսկ ապացուցելու համար անհրաժեշտ է ինֆորմացիա, իսկ հանքարդյունաբերության ոլորտում ինֆորմացիան ամբողջությամբ գաղտնի է՝ առևտրային գաղտնիք, իրական սեփականատերերի գաղտնիություն և այլն: Եվ նրանք օգտվում են օրենքի տված առավելություններից և այս հարցում կառավարության ու խորհրդարանի անգործությունից»:

Մեր զրուցակցի խոսքով՝ նոր կառավարության օրոք ՏՄՊՊՀ-ն իրականացրել է մի համակենտրոնացում, որով թույլ է տվել, որ կիպրական ընկերությունը ձեռք բերի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունեցող ընկերության ակտիվները. «Հետո պարզվում է, որ այդ կիպրական ընկերությունը փոխկապակցված է Արթուր Վանեցյանի հորեղբոր տղաների հետ: Հիմա այս ամբողջ շղթան բացահայտելու համար մենք պե՞տք է ունենանք բավարար չափով ինֆորմացիա, թե՞ ոչ: Պե՞տք է ունենանք լուսաբանող լրատվամիջոց, թե՞ ոչ. հիմա այդ լրատվամիջոցն ինչպե՞ս լուսաբանի, որ մեկ բառ ավելի չխոսի»:

Ինչպես նշեց Արթուր Գրիգորյանը՝ իրավիճակն այնքան աբսուրդային է, որ անգամ հեղափոխական իշխանության պայմաններում այդ նույն մարդիկ իրենց նույն՝ լկտի կերպով են դրսևորում. «Գողն առաջինն է գոռում՝ բռնել գողին»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *