Կառավարության այսօրվա որոշմամբ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնից։ Նշենք, որ պաշտոնական հիմնավորման համաձայն՝ նա աշխատանքից ազատվել է առողջական խնդիրների պատճառով:
Լոռու մարզպետի հիմնական թեկնածուներից է Լոռու մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանը, ով նաև Արամ Քոչարյանի ընկերն է, ուստի այսօր մենք զրուցեցինք ոստիկանապետի հետ՝ պարզելու, թե ի՞նչն է պատճառը, որ նա պատրաստ է մի կողմ դնել ընկերությունը, ոստիկանապետի պաշտոնը հանուն մարզպետի պաշտոնի: Մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ է իր թեկնածությունն առաջադրել, պատասխանեց. «Նման հարց ինձ խնդրում եմ չտաք, նման բան գոյություն չունի»:
Մեզ հաջողվեց պարզել, որ մարզպետի ամենահավանական թեկնածուն ՀՀԿ-ական նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն է, ում համար արդեն մարզում սկսել են թիմ հավաքել: Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, թեև բոլորովին վերջերս անդամագրվել է ՀՀԿ-ին, սակայն ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ նա շանսեր չունի: