Վերջին օրերին, երբ նախօրդ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և վերջիններիս ու նրանց համակիրների կողմից փորձ է արվում նրանցից քաղբանտարկյալի, քաղհալածյալի կերպար կերտել, նրանց հետ աշխատած անձինք, շարքային աշխատողներ բարձրաձայնում են հենց այդ «քաղհալածյալների» ապօրինությունների մասին։ Օրինակ՝ երեկ մեր խմբագրություն էր դիմել ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննությունների բաժնի վարիչ Կարինե Հարությունյանը, որը սկսած 1998 թվականից աշխատել է Ազգային ժողովում, սակայն 2018-ին Արա Սաղաթելյանի, Արսեն Բաբայանի թեթև ձեռքով անհիմն պատճառաբանություններով ազատվել է աշխատանքից։ «13 տարի է՝ իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչ եմ եղել, բայց իրենց գալուց հետո խնդիրներ հարուցեցին, և Արա Սաղաթելյանը ու նրա տեղակալ Արսեն Բաբայանն ինձ ազատեցին աշխատանքից։ Խնդիրները սկսել էին առաջանալ դեռ Հրայր Թովմասյանի՝ աշխատակազմի ղեկավար եղած ժամանակահատվածից, որը կուրացիա էր անում միայն իրավաբանական վարչությունը։
Նա այդպես էլ արեց, վերցրեց իրավաբանական վարչությունը և հիմնովին քանդեց։ Նախ բերեց իր սանիկին և դրեց իրավաբանական վարչության պետ։ Այդ ժամանակահատվածում մի երկու նախագիծ տվեցին մեզ, որպեսզի մասնագիտական եզրակացություն տանք։ Ես մեծամասամբ բացասական եզրակացություններ տվեցի, քանի որ մեծամասամբ այդ նախագծերը կամ անգրագետ էին գրվում կամ սխալ։ Ես մի անգամ նույնիսկ շատ պատահաբար հայտնաբերեցի, որ իրենք փոփոխություն են արել ուժը կորցրած օրենքի մեջ։ Նրանց, հավանաբար, դուր չէր գալիս դա ու սկսեցին էլ ինձ նախագիծ չտալ եզրակացության համար, մինչդեռ, դա իմ հիմնական գործառույթն էր։ Եվ այդպես մի քանի ամիս շարունակ։ Մեզ ոչ մի նախագիծ չէր տրվում, բայց ես իմ բաժինը ղեկավարում էի ու հանձնարարություններ էի տալիս, որ եզրակացություններ պատրաստենք։ Այդ վիճակը ձգվեց մոտ 1-1.5 տարի»,- պատմեց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ նախագծեր չէին տրամադրվում նաև նույն վարչության խորհրդատվական բաժնին, քանի որ նրանք էլ էին թերություններ հայտնաբերում։
Կարինե Հարությունյանը պատմեց, որ այդ ամենից հետո Արա Սաղաթելյանն ու Արսեն Բաբայանը հայտարարել են, որ աշխատակազմն ուռճացված է և պետք է կրճատումներ արվեն, բայց քանի որ մեծ մասը իրենց բերած կադրերն էին ու որպես նոր աշխատող նրանց չէին կարող հեռացնել, որոշել են հին աշխատողների ատեստավորման գործընթաց սկսել։ «Ու սկսեցին ատեստավորումն օգտագործել որպես պատժամիջոց»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մինչ այդ Արա Սաղաթելյանն արդեն միջնորդավորված տիկին Հարությունյանին առաջարկել է զիջել բաժնի վարիչի պաշտոնը, որից վերջինս հրաժարվել էր, քանի որ չէր ներկայացվել որևէ օբյեկտիվ պատճառաբանություն։ «Տեսնելով, որ ես չեմ զիջում, կանչեցին ատեստավորման, այն դեպքում, որ ես դեռ Արփինե Հովհաննիսյանի ժամանակահատվածից մասնակցել եմ բոլոր մրցույթներին, ատեստավորումներին։ Իսկ ես գիտեի, թե իրենք ատեստավորումն ինչպես են անցկացնելու։ Ինձ համար մեծ հարցաշար էին պատրաստել, մի շար օրենսգրքեր, ուժը կորցրած օրենքներ, ԱԺ նախագահի ուժը կորցրած որոշումներ։ Այսինքն՝ այդ պրոցեսն ինքնանպատակ էր»,-ասաց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ արհեստականորեն ստեղծված խոչընդոտների արդյունքում իրեն նորից առաջարկել են զբաղեցնել ավելի ցածր պաշտոն։ Նա համաձայնել է միայն մեկ պայմանով, որ իր աշխատավարձի չափը կպահպանվի, և իր վրայից կհանվի անհիմն եղած կարգապահական տույժը։ Սակայն համաձայնելուց հետո ոչ կարգապահականն է հանվում, ոչ էլ աշխատավարձն է պահպանվում։ Դրանից հետո Կարինե Հարությունյանը նախ դիմում է ԱԺ նախագահին և արձագանք չստանալուց հետո դիմում է դատարան։ Դատարան դիմելուց հետո Արսեն Բաբայանը Կարինե Հարությունյանին կրկին կանչում է ատեստավորման, այն դեպքում, որ իրենք են առաջարկել տիկնոջը բարձր պաշտոնից գնալ ավելի ցածր պաշտոնի, որը չի ենթադրում անհամապատասխանություն պաշտոնի։ «Եթե ես բաժնի վարիչից իջել եմ մի վարչություն, որի աշխատողները անգամ չգիտեին իրենց գործառույթները, ինչպես կարող էի չհամապատասխանել այդ պաշտոնին։ Դա աբսուրդ է»,-նկատեց մեր զրուցակիցը։
Մի քանի ամիս տևած քաշքշուկները անհիմն ատեստավորման գործընթացի շուրջ ի վերջո ավարտվում են նոյեմբերի 29-ի աշխատանքից ազատման հրամանով, մինչդեռ, եթե Կարինե Հարությունյանը հանձնաժողովի առաջին որոշումը ատեստավորման պրոցեսի հետ կապված բողոքարկել էր դատարանում, և Արսեն Բաբայանը պարտավոր էր սպասել մինչև դատարանի որոշումը և նոր ատեստավորում նշանակել։ «Բայց իրենք նորից ապօրինի ատեստացիա էին անցկացրել, որից հետո էլ արդեն նախընտրական շրջան էր, և ես իրավունք չունեի գործի գնալու։ Բայց լինելով նախընտրական քարոզչության փուլում, իրենք նոյեմբերի 29-ին ինձ աշխատանքից ազատեցին»,- պատմեց Հարությունյանը՝ հավելելով, որ այս պահին դատարանում ընդդեմ ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության երեք հայց ունի ներկայացրած։ Վերջինը աշխատանքից ազատման ապօրինի հրամանն է։
Ուշագրավ է, որ Կարինե Հարությունյանին աշխատանքից ազատելուց հետո նրա տեղը նշանակվում է Հրայր Թովմասյանի մյուս սանիկը՝ իրավաբանական վարչության նախկին պետի կինը, որը հետո արդեն՝ իշխանափոխությունից հետո այդ թիմի հետ դուրս է եկել աշխատանքից։ «Իրենց ամբողջ նպատակը վարչությունը իրենց կադրերով, իրենց մարդկանցով լցնելն էր։ Բացի դրանից՝ ովքեր նրանց հետ համագործակցեցին, նրանց ձեռք չտվեցին, իսկ ով օրենքով ընդդիմացավ, չհամաձայնեց իրենց ապօրինությունների հետ՝ ազատեցին աշխատանքից։ Երբեմն էլ որոշ ազատումներ իմիտացիոն են եղել։ Օրինակ՝ վարչության պետի են ազատել, իսկ տեղակալի հետ պայմանավորվել են նրան էլ ազատել, որպեսզի պետը գլխի չընկնի, որ մենակ իրեն են հանում։ Հետո մրցույթ են արել և այդ տեղակալին նորից վերականգնել են»,- ասաց տիկին Հարությունյանը՝ ավելացնելով, որ դատարանում հաղթելուց հետո դեռ չի մտածել՝ կվերադառնա՞ Ազգային ժողով, թե՞ ոչ։ Կարևորն արդարության վերականգնումն է։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի










































