Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած ակումբների շարքում ամենաթանկարժեք կազմն, ըստ հեղինակավոր transfermarkt.de կայքի, ունի Մադրիդի «Ռեալ»-ը:
«Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 571 մլն եվրո: Նրանց համաքաղաքացիները` «Ատլետիկո»-ի խաղացողները, ունեն մոտ 2 անգամ ավելի ցածր արժեք` 282 մլն:

«Ռեալ»-ի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքի առյուծի բաժինն ընկած է երկու ֆուտբոլիստների` Քրիշտիանու Ռոնալդուի (100 մլն եվրո) ու Գարեթ Բեյլի (80 մլն եվրո) միջև. պորտուգալացին և ուելսցին մրցաշարի կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած երկու ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են: Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն: «Չելսի»-ում ամենաթանկ ֆուտբոլիստն Էդեն Ազարն է (45 մլն եվրո), իսկ «Ատլետիկո»-ում` Դիեգո Կոստան (35 մլն եվրո):









































