Թեև Հայաստանը կենսամակարդակով զիջում է Ռուսաստանի բնակչության կենսամակարդակին, սակայն որոշ ինստիտուտներով շատ ավելի մոտ է եվրոպական չափանիշներին, քան Ռուսաստանը: Հենց այս պատճառով է, որ հայկական կողմը երբեմն խոսում է այն մասին, որ Մաքսային միությունում պետք է ընդհանուր դառնան այն չափորոշիչները, որոնք առավել առաջադիմական են:
Այնուամենայնիվ, հայկական կողմի առաջարկը, ավելի ճիշտ՝ խնդրանքը մի բան է, Ռուսաստանի կայացրած որոշումները՝ բոլորովին այլ: Այս տեսակետից նախևառաջ վտանգի տակ են հայտնվելու մեր այն ինստիտուտները, որոնք առավել կայացած են (համեմատաբար): Խոսքը նախևառաջ բանկային համակարգի մասին է: Հայտնի փաստ է, որ Ռուսաստանում պարբերաբար բանկեր են սնանկանում՝ փող լվալու և այլ մանիպուլյացիաների պատճառով, ինչպես նաև մեր երկրի համեմատ անորակ են բանկային ծառայությունները:
Մաքսային միությունում կան համաձայնագրեր, որոնց միանալու դեպքում մեր ֆինանսական համակարգը խնդիրների առջև կկանգնի: Նման համաձայնագրերից մեկը «Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրն է, որի համաձայն մինչև 2020 թվականը Մաքսային միության անդամ պետությունների կողմից պետք է իրականացվի ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցում: «Այնուամենայնիվ, հստակ և միասնական պատկերացում չկա, թե ինչ սկզբունքներով ու չափանիշներով է իրականացվելու ներդաշնակեցման գործընթացը, ինչը կարող է տարակարծության և տարընկալման տեղիք տալ աշխատանքի իրականացման ընթացքում»,- ասված է ՀՀԿ տնտեսական վերջին համաժողովի մասնակիցներին բաժանված նյութերում:
Համաձայնագրի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից կողմերը պետք է ձգտեն լիցենզիաների փոխադարձ ճանաչմանը, ինչը նշանակում է անդամ երկրներից մեկի տված ֆինանսական ծառայությունների լիցենզիայի հիման վրա ֆինանսական ծառայության մատուցում մեկ այլ անդամ երկրում՝ առանց լրացուցիչ լիցենզիայի: «Այժմ անդամ պետություններում առկա են որոշակի պահանջների տարբերություններ , որոնց մի մասն ունի օբյեկտիվ բնույթ՝ կապված շուկաների չափերի, մատուցվող ծառայությունների բարդության և գործիքների ռիսկայնության հետ: Մինչև 2020 թվականը անդամ պետությունների ֆինանսական համակարգերի կարգավորման դաշտի ներդաշնակեցումը և դրանից հետո լիցենզիաների փոխադարձ ճանաչումը կարող են առաջացնել բարդություններ՝ կապված վերոնշյալ գործոնների հետ»,- ասվում է կառավարության կազմած գրքույկում:
Առկա են նաև տարընկալումներ՝ կապված լիցենզիաների փոխադարձ ճանաչման գործընթացի իրականացման հետ: «Համաձայնագրում նշված պահանջը կարող է մեկնաբանվել որպես չպարտադրվող, ինչը կնշանակի, որ 2020 թվականի հունվարի 1-ից կողմերը կարող են նաև չիրականացնել լիցենզիաների փախադարձ ճանաչումը և այլ անդամ պետություններում լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից պահանջել լիցենզավորվել նաև ազգային օրենսդրության համաձայն»,- ասված է այդ գրքույկում:
Այսպիսով, Մաքսային միության անդամ երկրների հետ մեր ֆինանսական համակարգի համահարթեցումը բավականին բարդ խնդիր է, հատկապես եթե Ռուսաստանը չուզենա խստացնել իր բանկային համակարգի կարգավորման և վերահսկողության դաշտը, լիցենզիաների տրամադրման գործընթացը: Մեր դեպքում այդ ամենը չափազանց խիստ է, որի շնորհիվ վերջին 13 տարիներին հանրապետությունում ոչ մի բանկ չի սնանկացել: Այնպես որ, Մաքսային միության անդամակցության հերթական մարտահրավերը բավականին լուրջ մտորումների ու աշխատանքի տեղիք է տալիս:









































