Ադրբեջանական Turan գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խմբի (ICC) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Երկար տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ լավատեսություն հայտնեց Կազանի հանդիպումից առաջ։ Մինսկի խմբի համանախագահող երկրների դովիլյան հայտարարությունը շատ հստակ էր։ Ես կարծում էի, որ վերջապես Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջման կհասնեն։ Սակայն դա տեղի չունեցավ։ Նախագահները շատ քիչ բան են արել իրենց հասարակություններին խաղաղության պատրաստելու համար։
Բոլոր կողմերը գիտեն, որ խաղաղությունը զոհողություններ է պահանջում, և դա մշտապես տեղի է ունենում հակամարտությունների լուծման ժամանակ։ Սակայն կողմերը չեն ցանկանում գնալ այդ զոհողություններին։
ԵԱՀԿ Մինսկի խումբն այժմ հայտարարում է, թե հնարավորություն կա մինչև տարեվերջ ավարտին հասցնել հիմնարար սկզբունքների համաձայնեցման գործընթացը։ Դրանից հետո Հայաստանը և համանախագահող երկրները թևակոխում են նախընտրական ժամանակաշրջան։ Դրա համար էլ այժմ արվում է վերջին փորձը։
Այսպես, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելեց տարածաշրջան, ուր մեկնում են նաև համանախագահները։ Մենք չենք կարող առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն հետագա տարիներին դա անելն ավելի բարդ կլինի՝ հաշվի առնելով Հայաստանում, Ադրբեջանում ու համանախագահող երկրներում սպասվող ընտրությունները։ Դրա համար էլ, ամենայն հավանականությամբ, ստատուս-քվոն կպահպանվի, ինչը դուր չի գալիս Ադրբեջանին։
Սեպտեմբերին կնշանակվի Հարավային Կովկասի գծով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը, և ես հուսով եմ, որ նա, ի տարբերություն Փիթեր Սեմնեբիի, կարող է այցելել Լեռնային Ղարաբաղ՝ ցույց տալով, որ ԵՄ-ը պատրաստ է աջակցել խնդրի լուծմանը։
Ղարաբաղում պատերազմի հնարավոր վերսկսումը կործանարար կլինի Ռուսաստանի անվտանգության և հարևանների հետ նրա հարաբերությունների համար։ Նոր պատերազմը տևական կստացվի։ Ռուսաստանը ստանձնել է Հայաստանի անվտանգության պարտավորությունը, և չի կարող անտեսել պատերազմի հնարավոր վերսկսումը։
Մյուս կողմից էլ Թուրքիան նմանատիպ պարտավորություններ է ստանձնել Ադրբեջանի առաջ։ Այժմ Ռուսաստանն ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են, և տարածաշրջանում պատերազմի վերսկսումը չափազանց բացասաբար կազդի նրանց հարաբերությունների վրա»։










































