Հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվորեն շարունակվում են իշխանություն-ընդդիմություն երկխոսության հիմնահանգույցի` արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման, շուրջ բանավեճերը:
Իշխանությունը` հանձինս ՀՀԿ-ի, չկարողանալով ըստ էության հերքել արտահերթ ընտրությունների հրատապ անհրաժեշտության վերաբերյալ ընդդիմության (ՀԱԿ-ի) բազում հիմնավոր փաստարկները, փորձում է այդ հարցում իր համառ ժխտողական կեցվածքը պատճառաբանել առկա սահմանադրական խոչընդոտներով: Ընդ որում` ի տարբերություն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի, ով դե յուրե հնարավոր համարելով արտահերթ ընտրությունների անցկացումը, շեշտադրում է միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների խնդրում առկա սահմանադրական դժվարությունները (տես, օրինակ, ԵԽԽՎ վերջին նստաշրջանում ՀՀ պատգամավոր Զ.Փոստանջյանի հարցին Սերժ Սարգսյանի պատասխանը), նրա որոշ մոլեռանդ կուսակիցներ վերջերս սկսել են հանդես գալ, ոչ ավել-ոչ պակաս, Հայաստանի Սահմանադրությամբ արտահերթ ընտրությունների անթույլատրելիության վերաբերյալ հայտարարություններով:
Անմիջապես ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը (այսուհետ` Սահմանադրություն) ոչ միայն չի արգելում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները, այլև հստակորեն կանոնակարգում է դրանց անցկացման հիմքերը, պայմաններն ու ընթացակարգի հիմնադրույթները:
Սահմանադրությունը ՀՀ Նախագահի արտահերթ ընտրության հիմք է դիտում այդ պաշտոնի թափուր մնալը (51-րդ, 53-րդ, 57-րդ, 58-րդ և 59-րդ հոդվածներ): Սահմանադրության 53-րդ հոդվածը նախատեսում է ՀՀ Նախագահի պաշտոնը թափուր մնալու, հետևաբար արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հետևյալ չորս հիմքերը. 1. ՀՀ Նախագահի հրաժարականը. 2. ՀՀ Նախագահի մահը. 3. ՀՀ Նախագահի կողմից լիազորությունների կատարման անհնարինությունը. 4. ՀՀ Նախագահին` պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար պաշտոնանկ անելը:
Ներկա պահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ամենահեշտ ու անվրեպ միջոցը Նախագահի հրաժարականն է, որովհետև, պաշտոնից հրաժարվելը Հանրապետության Նախագահի` որևէ իրավական արգելքից կամ սահմանափակումից զերծ, բացարձակ ազատ իրավունքն է: Ավելին` նա չունի անգամ իր հրաժարականը պատճառաբանելու կամ հիմնավորելու իրավաբանական պարտականություն: Բացի դրանից, այս տարբերակն ամենաարագընթացն է, քանզի հնարավորություն է ընձեռում հրաժարական ներկայացվելու պահից 52 օր անց անցկացնել Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն:
Գործընթացի սահմանադրական ընթացակարգը հետևյալն է:
Հանրապետության Նախագահն իր հրաժարականը (ենթադրվում է գրավոր ձևով) ներկայացնում է Ազգային ժողով: Տասն օր անցնելուց հետո երկօրյա ժամկետում նրա կողմից հրաժարականը վերահաստատվելու դեպքում, Սահմանադրության ուժով Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված (Սահմանադրություն, հոդված 58):
Հրաժարականի ընդունման պահից Հանրապետության Նախագահի պաշտոնը համարվում է թափուր, և նշանակվում է արտահերթ ընտրություն: Քվեարկությունը տեղի է ունենում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` քառասուներորդ օրը (Սահմանադրություն, հոդված 53):
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ որոշակի դժվարություններ, իրոք, կան: Նախ` գործընթացն ավելի երկարատև է, որն առիթ է տալիս արտահերթ ընտրության ընդդիմախոսներին, վկայակոչելով հաջորդ տարվա գարնանը կայանալիք ԱԺ հերթական ընտրությունները, ճամարտակել արտահերթ ընտությունների ժամանակավրեպ լինելու մասին: Մտահոգիչ դժվարությունները, սակայն, ոչ թե ժամկետների, այլ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման` Սահմանադրությամբ նախատեսված հիմքերի ու ընթացակարգերի մեջ են: Կոնկրետացնենք:
Ի տարբերություն Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովը չունի ինքնահրաժարականի (ինքնալուծարման) իրավունք: Խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ սահմանադրական հիմքը` Ազգայի ժողովի արձակումն է (նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը), որն իրականացվում է բացառապես ՀՀ Նախագահի հրամանագրով` Սահմանադրության 74.1 հոդվածով նախատեսված հիմքերով: Նշված հոդվածի 1-ին մասը Հանրապետության Նախագահին պարտավորեցնում է արձակել Ազգային ժողովը, եթե վերջինս երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Նույն հոդվածի 2-րդ մասն իրավունք է վերապահում Հանրապետության Նախագահին` Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ արձակել Ազգային ժողովը, եթե` ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ. բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում. գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:
Դժվար չէ նկատել, որ թեև վերը թվարկված բոլոր դեպքերում գլխավոր ու վճռորոշ գործող անձը Հանրապետության Նախագահն է, սակայն սոսկ նրա ցանկությունը դեռևս բավարար հիմք չէ Ազգային ժողովն արձակելու համար: Այդ ցանկությունը կարող է իրականանալ միայն որոշակի փաստական հանգամանքների առկայությամբ, որոնց առաջացման գործում կարևոր դերակատարություն ունեն ԱԺ պատգամավորները (պատգամավորական կազմի մեծամասնությունը), Ազգային ժողովի նախագահը, կառավարությունը և վարչապետը: Գործող իշխանական բուրգի մոնոլիտությունը իսպառ բացառում է Սահմանադրության 74.1-րդ հոդվածով նախատեսված հիմքերի բնականոն առաջացման հավանականությունը: Մյուս կողմից, սակայն, նույն մոնոլիտ բուրգը, միաբան քաղաքական կամք հանդես բերելու պարագայում, կարող է իր գործողություններով (անգործությամբ) իրավաչափորեն կյանքի կոչել վերոնշյալ հիմքերից ցանկացածը:
Առաջին հայացքից թվում է, թե ԱԺ արտահերթ ընտրության հասնելու ամենահեշտ ուղին` Սահմանադրության 74.1 հոդվածի 2-րդ մասում նախատեսված հիմքերից մեկնումեկի իմիտացիան է: Սակայն իրականում այն ոչ միայն բավականին երկարատև է, այլև իշխող կոալիցիայի վարքագծից մեծապես կախվածության պատճառով` խիստ ռիսկային և ծուղակներով լի: Բանն այն է, որ նախ` նշված հիմքերը կարող են առաջանալ միայն ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում, որի համար պետք է սպասել շուրջ երկու ամիս (ԱԺ հերթական` աշնանային, նստաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 12-ին): Այնուհետև` բարեհաջող ընթացքի դեպքում դիտարկվող ճանապարհով ԱԺ արտահերթ ընտրություն կարող է նշանակվել հերթական նստաշրջանը սկսվելուց առնվազն երեք ամիս հետո: Այսինքն` գործընթացը կարող է ձգվել մինչև հաջորդ տարվա սկիզբը: Վերջապես` դիտարկվող հիմքերի առկայության պարագայում անգամ ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակումը սահմանադրորեն անխուսափելի չէ: Բանն այն է, որ ԱԺ նախագահը կամ վարչապետը կարող է Ազգային ժողովն արձակելու առաջարկություն չներկայացնել կամ ներկայացնելուց հետո Հանրապետության Նախագահը կարող է համապատասխան հրամանագիր չընդունել: Նման հայեցողական գործելաոճի իրավունքը իշխանության պարագլուխներին ընձեռում է խորամանկելու և գործընթացը վերջին պահին իրավաչափորեն վիժեցնելու հնարավորություն: Արդյունքում փաստի առջև հայտնված ընդդիմությանը և հանրությանը չի մնալու այլ բան, քան 3-4 ամիս անց կայանալիք հերթական ընտրություններին սպասելը:
Այժմ դիտարկենք Սահմանադրության 74.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը: Այս հիմքով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար պարտադիր են հետևյալ հաջորդական իրավաբանական նախադրյալները. 1. կառավարության հրաժարականը և ՀՀ Նախագահի կողմից դրա ընդունումը. 2. նոր կառավարության կազմավորումը. 3. նոր կառավարության կողմից իր ծրագիրը Ազգային ժողով ներկայացնելը. 4. Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չտալը. 5. Հանրապետության Նախագահի հրամանագիրը` Ազգային ժողովն արձակելու մասին:
Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունման` Սահմանադրությամբ սահմանված հիմքերից (հոդված 55, 4-րդ կետ, 3-րդ պարբերություն) ամենանվազ խոցելին և ներկա պահի թելադրանքով ամենաօպտիմալը` ՀՀ վարչապետի հրաժարականն է: Վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում, նույն օրը Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը և Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում նշանակում է նոր վարչապետ: Այդ պահից հաշված քսանօրյա ժամկետում կազմավորվում է նոր կառավարություն: Այնուհետև, քսանօրյա ժամկետում կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը, որը հնգօրյա ժամկետում արտահերթ կարգով քննարկվում և դրվում է քվեարկության (Սահմանադրություն, հոդված 74): Կառավարության ծրագիրը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում Ազգային ժողովի կողմից հավանության չարժանանալու դեպքում Հանրապետության Նախագահը հրամանագիր է ընդունում Ազգային ժողովն արձակելու և ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին (Սահմանադրություն, հոդված 74.1, 1-ին մաս և հոդված 68, 3-րդ մաս): Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովն արձակելուց հետո ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում (Սահմանադրություն, հոդված 68, 2-րդ մաս):
Ներկայացված եղանակը, այսպիսով, թույլ է տալիս վարչապետի հրաժարականի ընդունման պահից առավելագույնը 110 օր անց (հրաժարականն այսօր ներկայացվելու դեպքում` մոտավորապես ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա կեսերին) նշանակել ԱԺ արտահերթ ընտրություն: Ձևաչափը նախընտրելի է նախ նրանով, որ չնախատեսելով ներկայումս արձակուրդում գտնվող Ազգային ժողովի ի սկզբանե մասնակցություն` թույլ է տալիս գործընթացն սկսել անհապաղ: Հատկանշական է նաև այն, որ վարչապետի այսօր հրաժարական ներկայացնելու դեպքում ժամանակի կորուստ տեղի չի ունենում, քանի որ նոր կառավարության կողմից իր ծրագիրն Ազգային ժողով ներկայացնելու ժամկետը գրեթե համընկնում է ԱԺ աշնանային նստաշրջանի բացման պահի հետ: Բացի դրանից, այս գործընթացը կարգավորող սահմանադրական նորմերը, լինելով գերազանցապես իմպերատիվ, խստիվ սահմանափակում են իրավասու պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հայեցողական գործունեության (հետևաբար, հանրությանը տհաճ անակնկալներ մատուցելու հնարավորության) շրջանակները: Իշխանության հայեցողական մոտեցումները (հետևաբար` քաղաքական կամքի դրսևորումները) այստեղ ընդամենը երկուսն են` վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելը և Ազգային ժողովի կողմից երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում կառավարության ծրագրին հավանություն չտրվելը:
Նորիկ Եղիազարյան
«Հանրապետություն» կուսակցություն









































