Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը և նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, հինգշաբթի մեկօրյա պաշտոնական այցով կժամանեն Հռոմ, որտեղ առաջին անգամ կհանդիպեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Բուքինգեմյան պալատը, հանդիպումը ուղղված է անգլիկան և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների միջև կապերի ամրապնդմանը: Հանդիպման «ոչ պաշտոնական» բնույթն ընդգծվում է նրանով, որ պապը թագուհուն կընդունի իր անձնական նստավայրում՝ Սանտա Մարթայում:
«Նորին մեծությունը և Նորին արքայական մեծությունը Հռոմ են այցելում Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հրավերով: Թագուհին և Էդինբուրգի դուքսը կայցելեն նախագահական պալատ, որտեղ տեղի կունենա նախագահի կազմակերպած մասնավոր նախաճաշը: Դրանից հետո նրանք կմեկնեն Վատիկան, որտեղ նրանց կընդունի Ֆրանցիսկոս պապը»,- ասվում է հաղորդագրությունում:
Թագուհու այցի հետ կապված՝ անվտանգության որևէ հատուկ միջոց նախատեսված չէ:










































