Շաբաթ օրը Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է մի էջ, որը կոչվում է «Հրավիրում ենք Պուտինին «Ծաղկաձոր 2011» երիտասարդական ֆորումին»:
Վահան Բաբայանը, որը նախկինում «Հանրապետություն» կուսակցությունից էր, հետո Հայաստանի Երիտասարդական կուսակցության նախագահն էր, իսկ այժմ ԲՀԿ-ական է, այսօր ասաց, որ նման նախաձեռնություն Հայաստանում առաջին անգամ է ձեռնարկվում:
Հիշեցենք, որ օգոստոսի 20-30-ը Ծաղկաձորում տեղի է ունենալու ԱՊՀ երիտասարդական կառավարությունների «Ծաղկաձոր 2011» ֆորում: Նշվում է, որ այն անցկացվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, որին կմասնակցեն Հայաստանի և ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունների մոտ 1000 մասնակիցներ:
Մեր դիտարկմանը, թե կարելի է ենթադրել, որ առաջիկա նախագահական ընտրություններում իրենք հեռակա կարգով պաշտպանում են Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, Վ.Բաբայանը արձագանքեց. «Նրա թեկնածության հարցը Ռուսաստանի ժողովուրդը պետք է որոշի: Ներկա պահին մենք հարմար ենք համարել՝ որպես ԱՊՀ երկրների երիտասարդների կողմից ընդունված կերպար, հրավիրել Վլադիմիր Պուտինին»:











































