Friday, 26 04 2024
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

Ռեգիոնում բարդ իրավիճակ է․ Հայաստանն ու Վրաստանը պիտի պատրաստ լինեն ցանկացած սցենարի

Ավարտվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը հարևան Վրաստան։ Թբիլիսիում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առաջին հերթին հանդիպել է իր վրացի գործընկերոջ՝ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, այնուհետև հայկական պատվիրակության մյուս անդամների հետ այցելել է Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ ու ծաղկեպսակ դրեցին հուշակոթողին: Նույն օրը՝ հուլիսի 24-ին, ՀՀ ԱԳՆ ղեկավարին ընդունել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, իսկ հաջորդ օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հարաբերությունների զարգացման դրական դինամիկա

Սա, ի դեպ, արտգործնախարար Մնացականյանի առաջին պաշտոնական այցն էր Վրաստան։ Եվ դատելով ամփոփիչ հայտարարություններից՝ կարելի է ասել, որ մեր արտգործնախարարը գոհ է ոչ միայն հարևան վրացիների ջերմ ընդունելությունից, այլև ընդհանուր առմամբ հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկայից։ Թբիլիսիում Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստանի արտգործնախարարի և վարչապետի հետ քննարկել է հայ-վրացական հարաբերությունների լայն շրջանակի մեջ մտնող մի շարք կարևոր հարցեր՝ երկու երկրների արտգործնախարարությունների համագործակցությունից, առևտրատնտեսական հարաբերություններից մինչև գործարար համայնքների շփումներ, ներդրումային ծրագրեր, զբոսաշրջության ոլորտում համագործակցության հետագա զարգացում, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի նախաձեռնում, միջազգային համագործակցություն և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը առնչվող խնդիրներ։ Նախարար Մնացականյանը իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ և ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցի արձանագրել է, որ Հայաստանն ու Վրաստանը շարունակում են ակտիվ շփումները բոլոր մակարդակներով։ Խոսքը թե՛ վարչապետների, թե՛ նախագահների հանդիպումների և թե՛ խորհրդարանականների շփումների մասին է։

Մնացականյանն ընդգծել է, որ երկու կողմերին աշխատելու համար մեծ հիմք են տալիս Երևանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որոնց ծավալը բավական մեծ է․ «Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի՝ ենթակառուցվածքներից մինչև տնտեսության, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ ոլորտներին»:

Որպես կառավարություններ՝ Հայաստանն ու Վրաստանը փորձում են էլ ավելի քաջալերել բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակությունների շփումները, համատեղ աշխատանքը բոլոր մակարդակներով:

Զոհրաբ Մնացականյանին տպավորել է հատկապես այն, որ Վրաստանի վարչապետն անմիջականորեն իր ներդրումն է ունենում այն աշխատանքին, որ վերաբերում է հայ-վրացկաան հարաբերությունների զարգացմանը։

Անդրադարձ տարածաշրջանային կոնֆլիկտներին

Հայաստանի արտգործնախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ իր այս պաշտոնական այցի շրջանակներում երկու կողմերն անդրադարձել են այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են Հայաստանի և Վրաստանի անվտանգային համակարգերին և այն մարտահրավերներին, որ առնչվում են մեր անվտանգային համակարգերին: Նաև ընդգծել են այն, ինչ շատ բնական համատեղ շահագրգռվածություն է՝ զարգացնելու հարաբերությունները այն ուղղությամբ, որոնք ներդրում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Այս առումով մեր երկու երկրները ունեն շատ ընդգծված հետաքրքրություն և շահագրռգվածություն:

Այս համատեքստում հայկական և վրացական կողմերը, բնականաբար, չեն շրջանցել այն խնդիրը, որ մեր տարածաշրջանում դեռևս ունենք չկարգավորված հակամարտություններ։  Մնացականյանի հայտարարության մեջ ուշադրության է արժանի հատկապես այն միտքը, որ Վրաստանի տարածքային խնդիրները և Հայաստանի հիմնախնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, իրենց ձևի մեջ առանձնահատուկ են և չպետք է ընդհանրացվեն կամ գնահատվեն նույն հարթության մեջ։
«Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը հակամարտությունների լուծմանը բացառապես խաղաղ ճանապարհով, նաև այն ըմբռնումը, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունները և իր բանակցային շրջանակը, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորում: Վերահաստատեցինք մեր մտադրությունը՝ ձևավորված շրջանակներում և ձևավորված բանակցային հարթակներում աջակցելու խաղաղ կարգավորման գործընթացներին», – ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Լարսի այլընտրանքի հարցում առայժմ առաջընթաց չկա

Վրաստանի հետ կապված մյուս կարևոր հարցը, նախ և առաջ մեզ հետաքրքրող և հուզող հարցը Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք գտնելու չարչրկված խնդիրն է, որը ոչ միայն հայ-վրացական, այլև հայ-ռուսական և առաջին հերթին ռուս-վրացական օրակարգի առանցքային խնդիրներից է։ Այս ուղղությամբ, սակայն, արդեն քանի տարի է՝ լուրջ առաջընթաց չի նկատվում, քանի որ վիճահարույց Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով ռուս-վրացական տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու հարցի շուրջ բանակցությունները դոփում են տեղում։ Զոհրաբ Մնացականյանն այս հարցի առնչությամբ ասել է, որ հայկական կողմը, բնականաբար, խոսել է այս խնդրի շուրջ վրացի գործընկերների հետ և շարունակում է հետևել գործընթացին, բայց պետք է հասկանալ, որ այլընտրանքային ճանապարհի հարցը վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին ու կախված են ռուս-վրացական բանակցությունների արդյունքից։ Այժմ, արտգործնախարարի խոսքերով, բանակցությունների նոր փուլ է մոտենում, բայց թե ինչպե՞ս կընթանան բանակցությունները և ի՞նչ առաջխաղացում կլինի՝ Զոհրաբ Մնացականյանը դժվարանում է կանխատեսել։ Դատելով նախարարի մեկնաբանությունից՝ կարելի է արձանագրել, որ առաջխաղացման լուրջ հեռանկարներ առայժմ չեն նշմարվում։

«Հարցին հետևելով և խորհրդակցելով, խոսելով մեր գործընկերների հետ՝ կարող եմ ուղղակի հույս հայտնել, որ կլինի իրավիճակ, երբ հարցի հանգուցալուծումն ավելի տեսանելի, շոշափելի կդառնա», – նշել է նախարարը։

Հայ-վրացական ընդհանուր շահեր՝ եվրոպական միջավայրում

Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին Հայաստանի արտգործնախարարի մակարդակով կատարված պաշտոնական այցը Վրաստան կարևոր իրադարձություն է համարում երկու հարևան ու բարեկամ երկրների հարաբերությունների համատեքստում։ Հայ-վրացական հարաբերությունների օրակարգում, վրացի քաղաքագետի խոսքերով, շատ հարցեր կան։ Թբիլիսիի «Եվրոպական ուսումնասիրությունների» կենտրոնի ղեկավարն առաջին հերթին առանձնացնում է եվրոպական ինտեգրման հետ կապված հարցերը։ Կախա Գոգոլաշվիլու կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը և երկրի ժողովրդավարացման ակտիվ գործընթացը եթե ոչ ուղղակիորեն ու անմիջապես, ապա գոնե խորքային առումով ու երկարաժամկետ կտրվածքով լուրջ նախադրյալներ կստեղծեն Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման համար, իսկ Հայաստանի և Վրաստանի եվրոպական ինտեգրումն ինքնին դրական միջավայր կստեղծի առայժմ տարբեր անվտանգային և տնտեսական համակարգերում գտնվող, բայց կողք-կողքի ապրող երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների զարգացման և ընդլայնման, դրանք ռազմավարական մակարդակի բարձրացնելու համար։

Կախա Գոգոլաշվիլին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 2018 թ․ Հայկական թավշյա հեղափոխությունից հետո հայ-վրացական հարաբերությունները նկատելիորեն ակտիվացել են։ Վրաստանում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի և հայաստանյան գործընթացներ հանդեպ, մեծացել է հետաքրքրությունը միմյանց հանդեպ, երկու երկրների կարծիքները շատ հարցերում սկսել են համընկնել, բարձրացել է փոխըմբռնման մակարդակը։

«Հայաստանի ներկայիս կառավարությունն, իհարկե, շատ ավելի բաց է, թափանցիկ ու ավելի մոտիվացված է կառուցելու ժողովրդավարական հասարակություն։ Եվրամիության հետ հարաբերություններում էլ շատ ավելի մոտիվացված է առաջ մղելու երկրի եվրոպական ինտեգրման գործընթացը՝ չնայած Հայաստանի անդամակցությանը թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ եվրասիական այլ կառույցների։ Այս տեսանկյունից Վրաստանի և Հայաստանի շահերն ու հետաքրքրությունները շատ հարցերում համընկնում են, և վստահությունն էլ, ըստ իս, ավելացել է։ Կարծում եմ, որ այս փուլում վստահությունը վրացական և հայկական կառավարությունների միջև շատ ավելի բարձր է, քան առաջ էր, քանի որ երկու երկրների կառավարությունները գաղափարապես միմյանցից շատ էին տարբերվում։ Իսկ հիմա, կարելի է ասել, գաղափարապես բավական մոտ են իրար», – մեկնաբանեց Գոգոլաշվիլին։

Վրաստանը որքան կարող է՝ կաջակցի ՀՀ կառավարությանը

Մեր զրուցակիցը համոզված է, որ շարժվել ժողովրդավարական զարգացման ուղղությամբ՝ ինքնըստինքյան նշանակում է շարժվել դեպի եվրոպական սերտաճում, ԵՄ-ի հետ համագործակցության խորացում․ «Եվրոպական ինտեգրումը ոչ միայն արտաքին քաղաքական դրսևորում ունի, այլև ներքին, այսպես ասած՝ տրանսֆորմատիվ դրսևորումներ ունի։ Եթե երկիրը փոխակերպվում է, ժողովրդավարական, եվրոպական երկիր է դառնում, ապա դա արդեն իսկ շատ բան է նշանակում, քանի որ ժողովրդավարական երկրներն այլ կերպ են լուծում խնդիները։ Ներքուստ եվրոպականացված երկիրը, ինչպիսի դաշինքում էլ նա գտնվի, միշտ այնտեղ դրական դեր է խաղալու, խաղաղ քաղաքականություն է վարելու և փորձելու է դրականորեն ազդել պրոցեսների վրա։ Եթե նույնիսկ Հայաստանը Եվրասիական միության մեջ մնա, բայց դառնա եվրոպական երկիր՝ իսկական ժողովրդավարությամբ, կարող է շատ դրական ազդեցություն ունենալ այդ կառույցի վրա։ Թեև, իհարկե, դա հեշտ բան չէ․ այնտեղ կան շատ խոշոր երկրներ, հատկապես Ռուսաստանը։ Բայց միևնույն է, Հայաստանը շատ դրական դեր կխաղա թե՛ տարածաշրջանում խաղաղության հաստատաման և թե՛ մյուս բոլոր առումներով։ Կարծում եմ՝ սա ձեռնտու է ու շահավետ Վրաստանի համար, և մեր կառավարությունը որքան կարող է՝ կաջակցի երկիրը եվրոպականացնելու և բարեփոխումներ իրականացնելու Հայաստանի կառավարության ցանկությանն ու ձգտումներին»։

Հայաստանն ու Վրաստանը պիտի պատրաստ լինեն ցանկացած սցենարի

Կախա Գոգոլաշվիլին համոզված է, որ տարածաշրջանային իրադրության համատեքստում հայ և վրացի գործընկերները Թբիլիսում քննարկել են, ոչ միայն Վրաստանի և Հայաստանի հայտնի հիմնախնդիրները՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հիմնահարցերը, ղարաբաղյան հակամարտությունը, այլև Ռուսաստանի ռեգիոնալ քաղաքականությանը վերաբերող հարցեր, ռուս-թուրքական մերձեցումն ու թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը և, իհարկե, Իրանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը, իրանա-ամերիկյան լարվածությունը։

Խաղաղությունը Հարավային Կովկասում, վրացի փորձագետի խոսքերով, այն կարևոր հարցն է, որ ամեն դեպքում պիտի քննարկվի հայ-վրացական հանդիպումների ժամանակ։ Իսկ եթե խոսում ենք տարածաշրջանային անվտանգության մասին, ապա պիտի հաշվի առնենք ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի և Իրանի գործոնները։

«Տարածաշրջանում տարբեր պրոցեսներ են ընթանում, այդ թվում՝ իրանա-ամերիկյան հարաբերությունների սրացումն ու Իրանի հետ կապված կոնֆլիկտային իրավիճակը, թուրք-ռուսական մերձեցումը և Թուրքիայի ու Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հարաբերությունների սառեցումը։ Անշուշտ, այս համատեքստում պետք է նշել նաև Ռուսաստանի քաղաքականությունը, իր ագրեսիվ հռետորաբանությունը։ Կարծում եմ՝ Վրաստանն ու Հայաստանը պետք է համապատասխան սցենարներ մշակած ունենան, որպեսզի իրադարձությունների որևէ զարգացման դեպքում հայ-վրացական համագործակցությունը չընդատվի, և խաղաղ բարիդրացիական հարաբերությունները ամուր և կայուն մնան»։

Հայաստանն ու Վրաստանն, իհարկե, մեծ երկրներ չեն և տարածաշրջանի կամ միջազգային հարաբերությունների վրա ազդելու նրանց ներուժն այնքան էլ մեծ չէ՝ ի տարբերություն այնպիսի երկրների, ինչպիսիք են նույն Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան կամ Միացյալ Նահանգները։ Այս երկրները միշտ էլ փորձելու են իրեն շահերին ենթարկեցնել փոքր երկրներին, և այս իմաստով Հայաստանն ու Վրաստանը կարող են հայտնվել տարբեր՝ հակադիր ճամբարներում։

«Պետք է շատ հմուտ դիվանագետ լինել ու շատ հստակ տեսլական ու ռազմավարություն ունենալ այսպիսի հարցերում, որպեսզի անգամ փոքր տարաձայնություն կամ վեճ թույլ չտանք Վրաստանի և Հայաստանի միջև։ Վրաստանն ու Հայաստանը այնքան հին ու պատմական հարևաններ են, – և մենք դեռ դարերով ու հազարամյակներով պիտի ապրենք կողք-կողքի, – որ այս հարաբերությունները պետք է փայփայել ամեն դեպքում ու ցանկացած պարագայում», – ասում է մեր զրուցակիցը։

Հայաստանը պետք է Ռուսաստանի առջև դնի այդ հարցը

Իսկ կա՞ արդյոք փոխըմբռնում Հայաստանի և Վրաստանի միջև տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության և ռուսական գործոնի վերաբերյալ։

Պատասխանելով այս հարցին՝ Կախա Գոգոլաշվիլին կարծիք հայտնեց, որ հայկական ու վրացական կողմերը միանշանակ հասկանում են ռուսական քաղաքականությունից բխող հնարավոր սպառնալիքները և մեկ անգամ չէ, որ քննարկել են այս հարցերը։ Վրացի քաղաքագետն այս համատեքստում անդրադարձավ նաև վերջերս մեր մամուլում ու քաղաքական շրջանակներում քննարկված մի շատ կարևոր հարցի, որը ծագեց վրաց-ռուսական հարաբերությունների վերջին սրացումից հետո։ ՌԴ նախագահի հրամանով մարտական բարձր պատրաստականության վիճակի բերվեցին ՌԴ ԶՈՒ-ի Կենտրոնական, Արևելյան և Հարավային օկրուգների զորքերը, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զորքերը։ Երբ այս լուրը տարածվեց հայկական առցանց մամուլում, Հայաստանում սկսեցին խոսել այն ռիսկերի մասին, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ Ռուսաստանը փորձի Վրաստանի դեմ օգտագործել Գյումրիի ռազմաբազայի զորքերը։

Այս հարցի առնչությամբ Կախա Գոգոլաշվիլին նշեց հետևյալը․ «Եթե հիշենք 2008 թ․ պատերազմը Վրաստանի և Ռուսաստանի միջև, ապա Գյումրիի կողմից որևէ ռազմական գործողություն Վրաստանի ուղղությամբ չի իրականացվել։ Հետևաբար, պետք է եզրակացնել, որ ամենայն հավանականությամբ Հայաստանի կառավարությունն այն ժամանակ հստակորեն պահանջել է ռուսներից Գյումրիի ռազմաբազայի զորքերը չկիրառել Վրաստանի դեմ՝ վրացական օբյեկտների վրա հարձակման նպատակով։ Ու կարծում եմ, որ թե՛ հիմա, թե՛ ապագայում Հայաստանը պետք է շատ հստակ Ռուսաստանի առջև դնի այն հարցը, որ ռուս-վրացական կոնֆլիկտի կամ հարաբերությունների սրման դեպքում Հայաստանը չպետք է ներքաշվի իր հարևանի դեմ իրականացվող գործողություններին։ Սա քաղաքական դիրքավորման հարց է և կարծում եմ՝ Հայաստանը պետք է հետագայում էլ պահպանի իր այս դիրքավորումը Ռուսաստանի հետ հարաբերություններում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում