Այսօր աշխարհի քարտեզի վրա՝ Աֆրիկայի արևելյան շրջանում անկախություն կհռչակի Հարավային Սուդանի Հանրապետությունը՝ դառնալով Աֆրիկայի 54-րդ, աշխարհում՝ 196-րդ, իսկ ՄԱԿ-ի անդամ՝ 193-րդ պետությունը: Անկախության հռչակմամբ վերջ կդրվի անցումային փուլին, որը սկսվել էր 2005թ. Սուդանի կառավարության և Հարավային Սուդանի ապստամբների միջև ստորագրված համաձայնագրի արդյունքում:
Երկրի մայրաքաղաք Ջուբայում այսօր նախանշված են բազմաթիվ տոնախմբություններ: Նրանք արդեն կեսգիշերից տոնում են անկախության ձեռքբերումը, որը նրանց տրվել է տասնյակ և հարյուր հազարավոր կյանքերի գնով: Այս երկրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Հարավային Սուդանը մեծապես քրիստոնյաներով է բնակեցված:
Այսօր առավոտվանից Սուդան են այցելելու աֆրիկյան 30 երկրների ղեկավարներ: Երեկ ուշ երեկոյան Հարավային Սուդանի անկախությունը ճանաչել է նաև Սուդանի Հանրապետության կառավարությունը, որից անջատվել էր Հարավային Սուդանը:









































