Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց Արթուր Սարգսյանի գործով դատական քննությունը: Սարգսյանը մեղադրվում է ինը դրվագ հանցավոր արարքների համար:
Ըստ մեղադրանքի՝ 34-ամյա Արթուր Սարգսյանը, ներկայանալով որպես պաշտոնատար անձ՝ ՀՀ Կառավարության իրավաբանական վարչության պետ, ինչպես նաև՝ որպես արտերկրում՝ Իտալիայում, եկամտաբեր ձեռնարկատիրությամբ զբաղվող անձնավորություն, ՍՊԸ-Ի ղեկավար՝ «Արտյոմ Առուստամյան» կեղծ անունով, 2008 թվականից մինչև 2012 թվականի մարտ ամիսը տարբեր ֆիզիկական անձանցից և «Էգա» ՍՊԸ-ից ու «Վալենսիա» ընկերությունից, գործարքներ կատարելու պատրվակով, խաբեությամբ, վստահությունը չարաշահելով՝ կատարել է գույքի հափշտակություն կամ գույքային վնասի պատճառում:
Տուժողները այն աստիճան են վստահել Արթուր Սարգսյան-«պաշտոնյային» ու «գործարարին», որ իրենց կամքով նրան են տվել հազարավոր ու տասնյակ հազարավոր դոլարներ, նրա համար գրավ են դրել իրենց հողամասը, նրա «շահավետ բիզնեսում» ներդրում կատարելու համար հատկացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Այսօրվա նիստում ամբաստանյալի շահերի պաշտպան Հունան Բաբայանը բացարկ հայտնեց մեղադրող Արմեն Փանոսյանին:
Ըստ պաշտպանի՝ գործի նախաքննությունը կատարվել է քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով, որոնք դատախազական հսկողության պայմաններում պիտի որ վերացվեին, սակայն չեն վերացվել, ուրեմն հսկող դատախազը՝ Ա. Փանոսյանը, ըստ պաշտպանի, կողմնակալ է եղել:
Պաշտպանը նշեց նաև, թե նախաքննությամբ չեն հաստատվել ամբաստանյալին մեղսագրված որոշ հանցավոր արարքներ, մեղադրական թեքումով է վարվել ամբողջ նախաքննությունը, չեն ստուգվել մեղադրյալի ցուցմունքները, քաղաքացիաիրավական հարաբերությունները արհեստականորեն քրեականացվել են:
Մեղադրողը, պաշտպանի կարծիքով, անկողմնակալ լինելու դեպքում այս թերի քննված գործը պետք է լրացուցիչ նախաքննության վերադարձներ:
Մեղադրող Ա. Փանոսյանն առարկեց բացարկի դեմ և պնդեց, որ գույքը տուժողների տիրապետումից դուրս է եկել ամբաստանյալի խաբեությունների միջոցով:
Դատարանը մերժեց մեղադրողի դեմ հայտնված բացարկը:
Այնուամենայնիվ, պաշտպանը մատնանշեց քննիչի կողմից թույլ տրված բացթողումներ, որոնք այսօր, իսկապես, խոչընդոտում էին դատական նիստին:
Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
Ամբաստանյալ Արթուր Սարգսյանն ասաց. «Մեղադրանքն ընդհանրապես չեմ ընդունում»:
Սահմանվեց դատական քննության կարգը՝ կհարցաքննվեն տուժողները, վկաները, կկատարվի ապացույցների հետազոտում, ապա կհարցաքննվի մեղքը չընդունող ամբաստանյալը:
Վերջինս աշխույժ տեսք ուներ, առանց մորուքի էր, իսկ տուժողներից ոմանք նրան մորուքով էին տեսել…
Գործի քննության ընթացքում Արթուր Սարգսյանի հայրը ինքնասպան է եղել՝ կախել է իրեն:
Մայրը առողջական լուրջ խնդիրներ ունի:
Որդուն մեղսագրված արարքները, նրա կարգավիճակն ու նյութական վիճակը ծանր հարված են եղել ծնողների համար…






































