Այսօր՝ հունիսի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընտրության հարցը: ՀՀ վարչապետը այդ պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ 2 տարի ժամկետով:
«2018թ. նոյեմբերի 20-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ վարքագիծը որակվել էր որպես գերիշխող դիրքի չարաշահում: Ինչպես գիտեք, խախտման համար սահմանվել էր 30 մլն դրամի տուգանք, որոշումը վիճարկվել էր ՀԿԵ-ի կողմից: Ի՞նչ ունենք այս ուղղությամբ անելու»,- թեկնածուին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Պատգամավորն անդրադարձավ նաև օդանավակայանների մենաշնորհին, օդանավակայանի ծառայությունների թանկ լինելու հանգամանքին և դրա արտահայտությանը տոմսերի արժեքի վրա. «Դա մշտապես քննարկվող հարց է եղել, և լուծումներն այդպես էլ չենք գտել»: Ի պատասխան՝ թեկնածուն ասաց. «Եթե Գյումրու օդանավակայանը կարողանա նորմալ մրցակցություն ապահովել, կունենանք գների նվազեցում և լավ արդյունք»: Արման Բաբաջանյանն էլ հակադարձեց. «Չի կարող մրցակցություն լինել, որովհետև Գյումրու օդանավակայանն էլ նույն ընկերությունն է շահագործում»:
Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև դեղերի շուկային՝ ասելով. «Այդ շուկայում մեր տնտեսվարողները չափազանց անբարեխիղճ են. ահռելի խնդիրներ կան թե՛ որակի, թե՛ գների առումով: Այստեղ ներգրավված են լուրջ կարողություններ ունեցող մարդիկ: Ինչպե՞ս եք պատկերացնում հանձնաժողովի աշխատանքը և անելիքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































