«Ղրիմի ընտրությունը և ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով քննարկմանը մասնակցեց նաև քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, որը փաստեց, որ Ղրիմում տեղի ունեցածը «չի կարելի հանրաքվե անվանել»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Ղրիմի հանրաքվեն ղրիմցիների ազատ կամքի դրևսորո՞ւմ էր, բանախոսը նկատեց, որ «ազատ կամքի մասին խոսելը վիրավորական է բանականության համար»:
«Այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, դա, միանշանակ, հանրաքվե չէ: Դա ավելի շատ նման է անշլյուզի, ոչ թե հանրաքվեի»,- ասաց վերլուծաբանը՝ անցկացնելով պատմական զուգահեռներ:
Նրա խոսքով՝ այս անգամ, ի տարբերություն 1938 թվականի, տեսնում ենք միջազգային հանրության կոնսոլիդացված արձագանքը: «Ռուսաստանը դարձել է վտարանդի, հավասարվել Բաշար Ասադի, Կիմ Չեն Ինի հետ: Այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ նշելով, որ անգամ ՀԱՊԿ-ի Ռուսաստանի դաշնակիցները ակնհայտորեն տեսնում են, որ դա միջազգային հարաբերությունների խախտում է և ոտնձգություն միջազգային իրավունքի նկատմամբ:
Ռուբեն Մեհրաբյանը, զուհահեռ անցկացնելով Ղրիմի և Կովկասի սառեցված հակամարտությունների միջև, փաստեց, որ Ղրիմը ոչ մի կապ չունի սառեցված հակամարտությունների հետ, և որ, բարեբախտաբար, չեն գրանցվել միջէթնիկ բախումներ, արյուն չի թափվել:
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը՝ փորձագետը նկատեց, որ «ռուսական դիվանագիտության առաջարկն անընդունելի է, քանի որ հաշվարկված էր այնպես, որ պատասխանը լինի՝ ոչ:
«Ռուսաստանը չպետք է ասի, թե ինչպես ապրեն ուկրաինացիները: Պատժամիջոցներն ուշանում են, դրանք այն չեն, որ կասեցնեն Ռուսաստանին. նրան կկանգնեցնեն ուկրաինացի ժողովուրդը և նոր կառավարության քայլերը: Արևմուտքը պետք է հասկանա, թե ինչ Ռուսաստանի հետ գործ ունի և անհրաժեշտ հետևություններ անի: Չարի կայսրություն է. որի հետ համապատասխան պետք է է վարվել»,- ասաց բանախոսը՝ հավելելով, թե այդ արատավոր կրիմինալ համակարգին՝ պուտինիզմին, պետք է տրվի գաղափարական, տնտեսական հարված:
Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Ուկրաինայի նոր ղեկավարությունը ունի գիտակցություն, թե ինչ է տեղի ունենում երկրի հետ, երկրի շուրջ: «Կարծում եմ՝ վտանգին ադեկվատ գնահատական ու արձագանք է տրված: Ինչ վերաբերում է Արևմուտքի պատժամիջոցներին, ապա, ըստ բանախոսի, դրանք Ռուսաստանի կողմից «ծաղրական ժպիտ» են առաջացնում:
Լուսանկարը՝ Photolure-ի









































