Hetq.am-ը գրում է. «Այսօրվա Հայաստանը բռնատիրական պետություններին բնորոշ դատաիրավական համակարգ ունի, ուր մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, օրենքը դատարկ հնչյուններ են։
Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։
Նամակը ստորագրել էին ՀՀ ավելի քան հազար հինգ հարյուր քաղաքացի։ Ձերբակալվածները մինչև հունվարի 13-ը զրկված էին հարազատների հետ հանդիպելու, անգամ հեռախոսակապի հնարավորությունից։ Հունվարի 13-ին վերջապես այդ արգելանքը հանվեց։
Փետրվարի 14-ին պատասխան է ստացվել Շվեյցարիայի նախագահ Դիդիյե Բուրկհալտերից, որում մասնավորապես ասվում է, որ նա տեղյակ է Շանթ Հարությունյանի և համախոհների առնչվող դեպքերին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը համաշխարհային մակարդակով Շվեյցարիայի կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն և առաջնային խնդիրներից է եղել և շարունակում է մնալ այդպիսին։
Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտն ուշի ուշով հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։
Մանրամասները՝ hetq.am-ում









































