Ուսամա բեն Լադենի փեսան՝ Սուլեյման աբու Ղեյթը, որի դեմ դատավարությունն ընթանում է Նյու Յորքում, ոչ մի դեր չի խաղացել «Ալ-Քաիդա»-ի ռազմական գործողություններում: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտնի է դարձել Խալիդ Շեյխ Մուհամադի ցուցմունքներից, ով համարվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպիչը:
Աբու Ղեյթի փաստաբանները Մանհեթենի դաշնային դատարանին ներկայացրել են Մուհամադի գրավոր պատասխանները, ով բանտարկված է Գուանտանամո բանտում:
ԱՄՆ իշխանությունները 48-ամյա Ղեյթին, ով համարվում է բեն Լանդենի «աջ ձեռքը», մեղադրում են հակաամերիկյան դավադրության մեջ: Նա նաև մեղադրվում է ահաբեկիչներին նյութական աջակցություն ցուցաբերելու համար: Ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Եթե Բեն Լադենի փեսայի մեղքն ապացուցվի, նրան կսպառնա ցմահ ազատազրկում:










































