«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել իր ապագայի վերաբերյալ: Հիշեցնենք` 37-ամյա հոլանդացին հունվարին գլխավորեց միլանյան ակումբը` փոխարինելով Մասիմիլիանո Ալեգրիին:
Այժմ թիմն ավարտել է իր ելույթները Չեմպիոնների Լիգայում` չհաղթահարելով մրցաշարի 1/8 եզրափակիչի արգելքը, իսկ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
«Պատասխանատվություն չեմ կրում այն իրավիճակի համար, որ ստեղծվել է այստեղ: Փորձում եմ կարգավորել գործերի ընթացքը: Ես պայմանագիր ունեմ, ակումբը վստահում է ինձ: Կանեմ հնարավորը` ուժերիս սահմաններում: Երբ գլխավորեցի «Միլան»-ը, թիմը ֆիզիկական և հոգեբանական վատ վիճակում էր: Այդ ամենը միանգամից հնարավոր չէ կարգավորել»,- ասել է Զեդորֆը:







































