ՀՀ էներգետկայի ու բնական պաշարների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարի միայն 38 լիցենզիա է տրամադրվել ոսկու հանքավայրերի շահագործման համար:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը նշեց, որ այս տվյալները չափազանց մտահոգիչ են:
Ըստ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության հրապարակած տվյալների՝ Հայաստանում կան 706 ոչ մետաղական հանքավայրեր, որոնք շահագործվում են և 30 մետաղական, բազմամետաղական հանքավայրեր: 30 հանքավայրից 22-ը շահագործման մեջ է, դրանցից 7-ը պղնձամոլիբդենային է, 7-ը՝ պղնձի, 14-ը՝ոսկու, 2-ը՝ բազալտի, 2-ը՝մետաղական, նաև երկու երկաթի ու երկու ալյումինի: Ինգա Զարաֆյանի ներկայացրած ցուցակով էլ պարզվում է, որ կա 171 լիցենզավորված ընկերություն, որոնք իրավունք ունեն երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնել:
«Մենք հիմա Հայաստանում ականատես ենք լինում մի փուլի, որը կարելի է անվանել «ոսկու տենդի» փուլ»,- կարծիք հայտնեց Ի. Զարաֆյանը:
Նա նաև նկատեց, որ մեծ ձեռնարկությունները, շահագործելով հանքավայրերը և աղտոտելով բնությունը, դրա դիմաց որևէ գումար չեն վճարում պետբյուջե, ավելին՝ փոխհատուցում ևս չեն կատարում: Զարաֆյանի գնահատմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի բնական պաշարները կենտրոնացված են մի քանի ձեռնարկությունների ձեռքում, որոնք զավթիչների նման փորձում են մինչև վերջ օգտագործել հանքավայրերի պաշարները՝ չմտածելով շրջական միջավայրի մասին:
«Էկոլուրի» ղեկավարի կարծիքով՝ բնության աղտոտման համար անհրաժեշտ է կրկնակի հարկման ենթարկել հանքարդյունաբերության ոլորտում գործող ձեռնարկությունները, որպեսզի դրանք սկսեն օգտագործել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք շատ չեն աղտոտի շրջակա միջավայրը:
Զարաֆյանը նշեց, որ եթե հանքարդյունաբերությունն այսպիսի տեմպերով ու սկզբունքներով շարունակվի ու, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանն ու Զանգեզուրի կոմբինատն ավելի շատ հանքանյութ արտահանեն տարեկան, քան հիմա (ներկայում տարեկան արտահանում են 14 միլիոն տոննա), ապա արտադրական թափոններնն ու աղտոտումն ավելի շատ կլինեն:
«Մասրիկ գետը կդառնա թափոնատար, ինչպիսին դարձել է Ախթալայի գետը: Այդ գետը դարձել է իսկական թթու: Մենք ձեռք ենք տվել գետին, մեր ձեռքը վառվել է թթվի պարունակությունից»,- որպես օրինակ ներկայացրեց Զարաֆյանը:








































