«Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է իր քաղաքականությունը: Եթե չեմ սխալվում, Ուկրաինայում նաև նախանշված են ընտրություններ: Մենք գործընթացներից առաջ չենք ընկնում և չպետք է ընկնենք. սա է մեր դիրքորոշումը: Երբ ընթացակարգերին համապատասխան հիմնախնդիրներ լինեն՝ Հայաստանը պաշտոնապես կարձագանքի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին՝ չի՞ կարծում, որ աշխարհի կողմից մեկուսացված Ռուսաստանի գործընկեր Հայաստանը գոնե պետք է ճանաչի Ուկրաինայի նոր իշխանություններին:
Մեր այն դիտարկմանը, թե Մաքսային միության անդամ երկրներից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, օրինակ, օրեր առաջ հայտարարեց, որ ճանաչում է Կիևի նոր իշխանություններին, Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում բնորոշել որևիցե այլ երկրի դիրքորոշում: Մենք պետք է հստակ պատկերացնենք և հասկանանք: Ես Ձեզ պարզ ասեմ՝ ծանոթ չեմ այդ հայտարարությանը, որպեսզի կարողանամ դա բնութագրել»:
Հետաքրքրվեցինք նաև՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու համար, եթե Ռուսաստանի ծրագրերն ուկրաինական իրադարձություններից հետո կյանքի չկոչվեն: «Մաքսային միությունն այսօր իրականություն է և շարունակոմ է իրականություն մնալ: Ուկրաինան, համենայնդեպս, մինչ այժմ չէր հայտարարել, որ անդամակցում է Մաքսային միությանը: ՄՄ անդամ երկրները և Հայաստանը, որ քաղաքական հայտարարություն է արել, և այսօր արդեն կա ճանապարհային քարտեզ, գիտեն, որ իրավիճակն ինչպես կա, այնպես էլ շարունակում է մնալ»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:
Նրա կարծիքով՝ Հայաստանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն. «Ինչպես մենք բազմիցս ասել ենք, մենք վարում ենք բալանսավորված արտաքին քաղաքականություն, և այդ են վկայում ներկայումս Եվրոպայի հետ մեր վարած քաղաքականությունը և համագործակցությունը, ինչպես նաև Վիլնյուսից հետո հայտարարությունը: ԵԺԿ-ի վերջին համագումարում նախագահի հայտարարությունից հետո էլ հստակեցվեց՝ Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն ՝ ելնելով իր ազգային շահերից: Ինչ վերաբերում է ՄՄ-ին անդամակցելու գործընթացին, ապա դա այդպես էլ պետք է մնա»,-եզրափակեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































