«93 թվականից ութ երեխաներիս մեծացրել եմ ութ մետրանոց դոմիկում»,- ցույց տալով իր տնակը՝ պատմեց Կարբի գյուղի բնակչուհի Անահիտը, որի տնակը տեղակայված է գերեզմանների հարևանությամբ:
Տիկին Անահիտը ցույց տվեց տնակի հարմարությունները: Լողանում են սենյակում, հաց են ուտում սենյակում, չկա կոյուղի:
Հոգսաշատ և բազմանդամ ընտանիքն ապրում է նպաստով և միակողմանի ծնողազրկության թոշակով:
«93-ին այս հողամասը գնեցինք մեր քավորից, չնչին գներով տվեց մեզ, հետո դոմիկ դրինք, ամեն գործ անում էր ամուսինս, առևտուր և այլն, երեխաներին մեծացրինք, նորմալ հասցնում էր։ Ճիշտ է, տան պայմաններից նեղվում էինք, բայց ընդհանուր առմամբ հասցնում էր, մինչև ավտովթարը»,- ասաց նա: Երեք տարի առաջ ամուսինը մահացել է ավտովթարից, ամբողջ հոգսն ընկել է տիկին Անահիտի ուսերին:
Ավելին, հիմնադրամներից մեկը խոստացել է տուն սարքելու շինանյութով ապահովել, մինչդեռ ամուսնու մահից հետո շինությունն այդպես էլ կիսակառույց է մնացել:
Վերջերս ընտանիքը համալրվել է ևս մեկ շնչով: «Հարս ենք բերել, այլևս անհնար է ապրել մեկ դոմիկում: Մեր մարզպետին դիմեցի, խնդրեցի, որ ավարտին հասցնեն շինությունը, ասում է՝ համբերեք, բայց ինչքան սպասենք, ստիպված միջնեկ տղաս զոքանչի գյուղից գնաց երկու դոմիկ բերեց, հիմա քիչ-քիչ ամեն ամիս փակում ենք»,- ասաց նա:
Մեր գնացած ժամանակ փոքրից մեծ գարնանային աշխատանքներ էին իրականանցում: Փոքր որդին մեզ համար նախ «Մայրենի լեզուն» արտասանեց, իսկ հետո պատմեց, որ Նոր տարին առանձնապես հետաքրքիր չի անցել, ձմեռ պապիկից խնդրել է հեքիաթի գիրք, իսկ ստացել կոնֆետներով տոպրակ:










































