Նեապոլի մերձակայքում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ՝ ուղղված գնչուների դեմ: Այս մասին հայտնում է La Repubblica-ն: Մոտ 50 մարդուց կազմված ամբոխը հարձակում է գործել գնչուների ճամբարի վրա:
Ազգամիջյան հակամարտության պատճառ է դարձել 16-ամյա իտալուհու կողմից բուժօգնության դիմելը: Աղջիկը հաստատել է, որ երկու գնչուներ փորձել են իրեն բռնաբարել: Դա տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան: Աղջկան հաջողվել է փախչել:
Դեռահասին հոսպիտալացրել էին շոկային վիճակում, իսկ նրա հարազատներն ուղղվել էին դեպի 250 հոգանոց գնչուական ճամբար: Կռվից հետո նրանք Նեապոլ էին վերադարձել աջակցության համար և ժամեր անց կրկին ճամբար գնացել 50 հոգով:
Ոստիկանությունը միջամտել է ծեծկռտուքին: Կան ձերբակալվածներ: Ճամբարի բնակիչներից շատերը լքել են ճամբարը: Մի քանի գնչուներ թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են:








































