Էմիլ Նոլդեի «Քրիստոսն Էմաուսում» (1904 թ.) կտավը գողացել են եկեղեցուց, որը գտնվում է Դանիայի կենտրոնական Ռինկյոբինգ քաղաքից ոչ հեռու: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Նկարի մոտավոր արժեքը 1.8 մլն դոլար է:
60×80 սմ չափով արվեստի գործը եղել է խորանի մաս: Գողությունը կատարվել է մարտի 10-ին կամ 11-ին: Նկարը հանել են պտուտակահանի միջոցով: Ոստիկանությունը ենթադրում է, որ գողերը գիշերը թաքնվել են տաճարում և լքել այն հաջորդ առավոտյան: Ոստիկանությունն օգնության խնդրանքով դիմել է տեղի բնակչությանը:
Էմիլ Նոլդեն (1867-1956թթ.) գերմանացի առաջադեմ էքսպրեսիոնիստ նկարիչներից է: Նա ծնվել է Շլեզվիգում, որը 1920 թվականին Գերմանիայից անցել է Դանիային:









































