Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և Վատիկանի՝ պետություններին առնչվող քարտուղար, արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին կրոնական համաձայնագրի վավերացման փաստաթղթեր են փոխանակել։
Անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով կազմված այդ համաձայնագիրը բաղկացած է նախաբանից և 8 հոդվածից։ Այն կանոնակարգում է Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու դրությունը։ Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ այն ուժի մեջ է մտնում դրա վավերացման փաստաթղթի փոխանակման պահից։
Մամեդյարովը Վատիկանում հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեի հետ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ու Վատիկանի միջև վերոնշյալ համաձայնագիրը կնքվել է այս տարվա ապրիլի 29-ին Բաքվում։