Ինչպես տեղեկացրել ենք, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական առաջին նիստը:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միտում է տեսնում դատական գործընթացը երկարաձգելու մեջ:
«Նախաքննության ընթացքում միանգամից հինգ պաշտպան է ներգրավվել, այսօր շեշտվեց միայն Նիկոլայ Բաղդասարյանի անունը՝ որպես պաշտպանի, բայց իրականում չորսն էլ կան, և եթե հինգ պաշտպանները միևնույն ժամանակ չեն ներկայանում, սա ի՞նչ է նշանակում՝ միտումնավոր ձևով դատաքննությունը ձգձգել, այսինքն՝ կողմը հաշվի չի առնում տուժողների հոգեկան վիճակը, իրենց համար միևնույն է՝ քանի անգամ կգան և նիստերին կմասնակցեն: Ինձ անհանգստացնում է Տաթևիկ Հակոբյանի վիճակը, թե ինչպես է նա քայլում: Այսօր նա վերականգնողական վիրահատության կարիք ունի, ոչ թե որ գա ու հետո էլ անհարկի ձևով դատը հետաձգվի»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Մեր հարցին՝ արդյոք կողմերի միջև հաշտության շուրջ բանակցություններ ընթանո՞ւմ են, Ռուբեն Բալոյանն ասաց, որ չի ուզում դրան անդրադառնալ, քանի որ պաշտպանական կողմը համարում է, որ ինքն է խոչընդոտում այդ հաշտեցմանը, տուժող կողմն էլ համարում է, որ Նիկոլայ Բաղդասարյանն է խոչընդոտում այդ գործընթացին:
«Ես ինքս եմ կազմակերպել այդ հանդիպումը, երբ ամբաստանյալի քույրը բաց նամակով դիմեց ինձ: Ինքս կազմակերպել եմ այդ հանդիպումը, բայց նորից անհարկի հոդվածներ են հրապարակվում. տուժողների զայրույթն է առաջացրել Նիկոլայ Բաղդասարյանի հերթական հոդվածը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Տուժող կողմի դիրքորոշումը, նրա խոսքով, կապված է եղել դրական հաշտեցման հետ, սակայն երեկ նորից վեճ է առաջացել, քանի որ Նիկոլայ Բաղդասարյանը ասել է՝ փաստեր ունի, միջնորդություն պետք է ներկայացնի, բայց դրանք չի ներկայացնում, քանի որ չի ուզում վնասել հարաբերությունները:
«Ցանկացած փաստի մենք պատրաստ ենք համարժեք պատասխան տալ՝ անկախ փաստաբանների քանակից և ազգությունից՝ լինի հայ, թե ֆրանսիացի»,- հավելեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը:
Նա նշեց, որ կողմերը մի քանի անգամ են հանդիպել, բայց հաշվի առնելով Նիկոլայ Բաղդասարյանի հրապարակումը՝ հանդիպումը տեղի չի ունեցել:
Վարդան Պետրոսյանի հիվանդության պատմությունը, ըստ նրա, փոխվել է: Ավելին՝ տարբեր հասցեներ են նշվում Վարդան Պետրոսյանի գտնվելու վայրի վերաբերյալ:
«Ես համոզված եմ, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել»,- ասաց նա:











































