Արցախում շարունակվող չճանաչված երկրի Եվրոպայի առաջնությունն իրական ֆուտբոլային բում է առաջացրել: Հատկապես Արցախի և Արևմտյան Հայաստանի հավաքականների մասնակցությամբ հանդիպումներն անցնում են յուրատեսակ մթնոլորտում: Այս առաջնությունը ոչ միայն հայկական, այլև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Մրցաշարի կազմակերիչ CONIFA-ի նախագահ Պեր Անդերս Բլինդի հավաստմամբ՝ Եվրոպայի առաջնությանը հետևում է մոտ 400 միլիոն մարդ: Սա բավական բարձր ցուցանիշ է:
Մեր երկրում գտնվող այն երկրպագուները, որոնք հնարավորություն չունեն մրցավայր մեկնելու, մեծ ոգևորությամբ և սպասումով են վերաբերվում Արցախի և Արևմտյան հավաքականների հանդիպումներին: Հայաստանի ազգային հավաքականի բավական թույլ ելույթների ֆոնին մեր մյուս հավաքականները դրական լիցքեր են հաղորդել հասարակությանը: Կա տենդենց, որ տարիների ընթացքում չճանաչված երկրների աշխարհի և Եվրոպայի առաջնություններն իրենց հեղինակությամբ և որակով լուրջ տեղ կզբաղեցնեն համաշխարհային ֆուտբոլում:
Արցախում ընթացող մրցաշարը մեզ համար կարևոր է մի քանի տեսանկյունից: Առաջին հերթին Եվրոպայի առաջնության շնորհիվ Արցախի ու մեր երկրորդ պետության խնդրի մասին տեղեկացան միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Նշենք, որ Արցախը աչքի ընկավ մրցաշարը բավական բարձր մակարդկով կազմակերպելով: Մրցավայր եկած հազարավոր զբոսաշրջիկները անմոռանալի տպավորություններ ստացան մեր երկրից: Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարվանից Ադրբեջանը սպառնում էր Արցախ եկած բոլոր անձանց ներառել սև ցուցակում: Հարևան երկրի այս ջղաձգումը բնականաբար ոչ մի արդյունք չտվեց: Ավելին՝ այս քայլով Ադրբեջանն էլ ավելի բարձրացրեց Արցախի վարկանիշը միջազգային ասպարեզում:
Այս առաջնությունը Արցախում ֆուտբոլի զարգացման լուրջ խթան հանդիսացավ: Ֆուտբոլային հզոր էներգետիկան հուշում է, որ պատշաճ ուշադրության դեպքում սիրված մարզաձևը Արցախում կարող է բոլորովին նոր մակարդակի հասնել: Այսօր ունենք մեծ պոտենցիալ, որը պետք է օգտագործել: «Ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է: Բոլորը շատ հյուրասեր են, մենք էլ շատ գոհ ենք: Շնորհակալ ենք բոլոր երկրպագուներին, որոնք գալիս ու աջակցում են մեզ, տրիբունաները միշտ լեփ-լեցուն են: Հայաստանում նման բան չկա: Մենք էլ այս աշխուժությունից փորձում ենք ավելի լավ խաղալ ու ուրախացնել երկրպագուներին»,- armsport-ին տված հարցազրույցում ասել էր Արևմտյան Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը, որը ներկայացնում է Երևանի «Արարատը»:
Մրցաշարից տպավորված է նաև Արևմտյան հավաքականի գլխավոր մարզիչ Հարություն Վարդանյանը: Վերջինս երկար տարիներ Հայաստանի ազգային հավաքականի ավագն էր և ելույթ է ունեցել եվրոպական մի շարք բարձրակարգ թիմերում: «Եվրոպայի առաջնությունը հիանալի է կազմակերպված, և մենք հաճելիորեն զարմացած ենք ընդունելությամբ: Մրցաշարը հիանալի տպավորություն է թողնում նաև որակի առումով: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացողներով է համալրված թիմը, որոնք լուրջ տպավորություն են թողնում իրենց թիմերում: Նրանք ավելի շատ հավակնորդներ են նույնիսկ Հայաստանի ազգային հավաքականի համար: Բոլորն էլ ունեն այդ հնարավորությունը: Հույս ունեմ, որ այստեղ կկարողանան հաջողության հասնել: Մեր թիմը ֆավորիտներից մեկն է, քանի որ իրոք լավ ֆուտբոլիստներ են հավաքվել: Որակյալ խաղացողներ են, որոնք դաշտից դուրս շատ համախմբված են, սակայն կան բացեր, որոնք կարող են ցույց տալ միայն խաղադաշտում: Այդ ժամանակ միայն կարող ենք տեսնել՝ արդյոք որպես թիմ լա՞վն ենք, թե՞ ոչ: Միայն լավ թիմային խաղի շնորհիվ կարող ենք հասնել հաջողության»,- նշել է Վարդանյանը:
Նշենք, որ Արևմտյան Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունենալով ենթախմբում՝ նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր: Եզրափակիչ դուրս գալու համար Վարդանյանի գլխավորած հավաքականը կմրցի Աբխազիայի հետ: Ցավոք, Արցախի հավաքականը երեկ դուրս մնաց հետագա պայքարից: Մեր ընտրանուն անհրաժեշտ էր հաղթել հենց Աբխազիային, սակայն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Հիշեցնենք, որ Արցախի ընտրանին խմբային առաջին խաղում 3:2 հաշվով առավելության էր հասել Սամպիի նկատմամբ: Երկրորդ տուրում, սակայն, Արցախը անսպասելիորեն 1:4 հաշվով զիջել էր Չամերիային: Հենց այս պարտությունը խանգարեց Արցախին պայքարը շարունակելու փլեյ-օֆում:
Կիսաեզրափակչի ուղեգրի համար Արևմտյան հավաքականը մրցեց Պադանիայի հետ: Վերջինս դասվում էր մրցաշարի ֆավորիտների շարքին: Նպատակին հասնելու համար Արևմտյան Հայաստանին բավարար էր նաև ոչ-ոքին: Ունենալով առավելություն՝ մեր հավաքականը հանդիպումն ավարտեց ոչ-ոքի: Հանդիպումը տեղի ունեցավ Ստեփանակերտում: Տպավորությունն այնպիսին էր, որ միմյանց հետ մրցում են բավական բարձր մակարդակի թիմեր, իսկ մարզադաշտի էներգետիկան ֆուտբոլիստներին ստիպում էր գործել էլ ավելի մեծ նվիրումով ու խանդավառությամբ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Չամերիայի և Հարավային Օսիայի հավաքականները:
Աբխազիա-Արևմտյան Հայաստան և Չամերիա-Հարավային Օսիա հանդիպումները տեղի կունենան վաղը:







































