Հյուսիսատլանտյան դաշինքի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը կարծում է, որ Ուկրաինայի տարածքում, մասնավորապես՝ Ղրիմի թերակղզում զինված անձինք Ռուսաստանի զինված ուժերի զինվորներ են: Այս մասին գեներալը գրել է ՆԱՏՕ-ի պաշտոնական պորտալի իր բլոգում:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի գերագույն գլխավոր հրամանատարությունն ուշադիր հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը և հատուկ ուշադրություն դարձնում զինված անձանց ինքնության բացահայտմանը, ովքեր չունեն տարբերակման ճանաչողական նշաններ:
«ԶԼՄ-ները հայտնում են, որ ծանր զենքով զինվորները շրջապատել են Ղրիմի ռազմաբազաները և տարածաշրջանում սահմանային 11 դիրքեր գրավել»,- գրում է Բրիդլավը՝ հավելելով, որ «իրավիճակն ակնհայտորեն լուրջ է»:
Բազմաթիվ ԶԼՄ-ներ այդ զինված անձանց անվանում են տեղացի զինվորականներ, ովքեր ռուսական բանակի համազգեստ են կրում: Այլ պարբերականներ նրանց անվանում են ինքնապաշտպանական ուժեր:
Շատ փորձագետներ զինված անձանց ասոցացնում են ռուս զինվորականների հետ, ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը նույնպես այդ կարծիքին է: Ինչպես գրում է գեներալը՝ այդ մասին են վկայում բաց հասանելիության բազմաթիվ ապացույցները, որոնց թվում և ԶԼՄ-ների լուսանկարները:






































