Հոգևոր հայրերը կիրակի օրերը Մեծ պահքի շրջանում անվանել են Ոսկե շղթա, քանի որ ամեն կիրակի ունի իր խորհուրդը: Մեծ պահքն ունի 7 կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսման կիրակի, Անառակի կիրակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակի և Ծաղկազարդ:
Այս կիրակի Հայ առաքելական եկեղեցին տոնելու է Անառակի կիրակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը՝ ներկայացնելով Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակիի խորհուրդը:
Մեծ պահքի երկրորդ կիրակին Արտաքսման կիրակին է, որը վկայում է մարդու մեղսագործունեության մասին, այն մասին, թե ինչպես Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից:
Սրան հաջորդում է Անառակի կիրակին: Ըստ բանախոսի՝ սա քրիստոնեական ամբողջական կյանքի արտահայտումն է, քանի որ անառակ որդու պահվածքը բոլոր մարդկանց պահվածքի նման է:
«Մենք այսօր այդ անառակ որդու կյանքն ենք վարում: մարդ պետք է զղջում ունենա իր կյանքի համար»,- ասաց քահանան:
Անառակի կիրակիին հաջորդում է Տնտեսի կամ անիրավ տնտեսի կիրակին, որը նույնպես հիմնված է առակի վրա: Իմաստն այն է, որ մարդիկ կարողանան դրա միջոցով ընկերներ շահեն, այլ ոչ թե դառնան դրամի գերի: «Այսօր ում շատ ներում ես, շատ էլ սիրվում ես»,- ասաց տեր Շմավոնը:
Դատավորի կիրակիի հիմքում ևս ընկած է դատավորի մասին առակը: Առակի իմաստն այն է, որ «յուրաքանչյուր մարդ մշտապես չպետք է ձանձրանա խնդրել Աստծուն, որ իր մեղքերին թողություն տրվի»: «Առակի և կիրակիի խորհուրդը մշտական աղոթքն է»,- ասաց բանախոսը:
Գալստյան կիրակիի խորհուրդը Քրիստոսի երկրորդ գալուստի մասին է:
Ծաղկազարդով է սկսվում Ավագ շաբաթը, որը ամենագունեղ ու տոնական կիրակին է պահքի ընթացքում, մանավանդ որ խորանի վարագույրն արդեն բաց է: «Այդ օրը հիշատակն է Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու: Քրիստոսը մտավ Երուսաղեմ, ու մարդիկ դղրդալով նրան դիմավորեցին՝ նրա առաջ փռելով իրենց զգեստները, արմավենու ճյուղեր»,- հայտնեց քահանան:
Նա տեղեկացրեց, որ Ծաղկազարդով է ավարտվում կիրակիների Ոսկե շղթան, և սկսվում է Ավագ շաբաթը, որտեղ արդեն յուրաքանչյուր օր իր խորհուրդն ունի, և օրերի կիզակետն Ավագ հինգշաբթին է, երբ տեղի է ունենում հաղորդության խորհրդի հաստատումը, ոտնլվան ու Քրիստոսի խաչելություն:
Քահանան ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պահքի իմաստը կերակուրներից հրաժարումը չէ միայն, այլ հավատացյալը պետք է ունենա «պահոց շրջանին հարիր կեցվածք ու կենցաղավարություն»:
«Պահքը ոչ միայն կերակուրներից հրաժարում է, այլև որոշակի հոգևոր վիճակի առկայություն՝ աղոթասիրություն, ողորմածություն, մարդասիրություն, դիմացինին օգնության հասնել ու սեփական անձին քննադատաբար վերաբերվել»,- խոսքը եզրափակեց տեր Շմավոնը:
Մեծ Պահքը սկսվում է Բուն բարեկենդանով: հենց այդ օրվանից է փակվում եկեղեցիներում վարագույրը: Պահքի շրջանը կավարտվի Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեին: Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին, և այս տարի առաջին անգամ ամբողջ աշխարհում Զատիկը կնշվի միևնույն օրը:








































