Ամերիկացի փոփ-երգչուհի Արիանա Գրանդեն հետաձգել է իր մի քանի համերգները համաշխարհային շրջագայության շրջանակում՝ լոլիկից հանկարծակի առաջացած ալերգիայի պատճառով: Այդ մասին նա հայտնել է իր Instagram-օգտահաշվում:
Երգչուհին պարզաբանել է, որ ալերգիկ ռեակցիայի պատճառով ուռել է կոկորդը, բայց ինքն արդեն ապաքինվում է: Գրանդեն նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար և խոստովանել, որ մինչև այժմ էլ այն զգացողությունն ունի, ասես կակտուս է կուլ տվել:

«Ավելի անարդար ոչինչ չկա, քան լոլիկից ալերգիայի հայտնվելը իտալացի կնոջ մոտ»,-վրդովվել է Գրանդեն: Նրան զարմացրել է, որ մթերքի նկատմամբ նման ռեակցիան ի հայտ է եկել միայն 25 տարեկանում: Արիանա Գրանդեն կինոյի և թատրոնի դերասանուհի է, փոփ-երգչուհի և ֆոտոմոդել: Փետրվարի 8-ին նա թողարկել է Thank U, Next հինգերորդ ստուդիական ալբոմը, որը բաղկացած է 12 թրեքից: Նույն օրը թողարկվել է նրա Break Up with Your Girlfriend, Iʼm Bored հոլովակը որը մեկ շաբաթում հավաքել է ավելի քան 61 մլն դիտում: 2018 թվականի նոյեմբերին Գրանդեն տարվա կին է ճանաչվել Billboard հանդեսի վարկածով:







































