Զրպարտության և վիրավորանքի դեմ ցանկացած միջոց ողջունելի է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով անհայտ օգտատերերի գրառումներին, վիրավորական կամ զրպարտող մեկնաբանություններին վերաբերող նոր նախագծին:
«ՀՀ ուժային կառույցներից ոչ մեկը չի բացահայտել ֆեյք էջեր, եթե, իհարկե, դա պետք չէ քննչական մարմիններին: Ֆինանսական, տեխնիական միջոցներով առօրյայում ուղղակի անհնար է բացահայտել անհայտ էջերի հեղինակներին»,- ասաց նա` հավելելով, որ օրինագիծը, ընդհանուր առմամբ, նման է օճառի պղպջակի:
Ասուլիսի մյուս բանախոս, Blognews-ի խմբագիր Արամ Անտինյանն իր հերթին նկատեց, որ սա սխալ մեկնաբանված հերթական օրինագծերից մեկն է: «Սա ինքն իրենով անպետք նախագիծ է: Ակնհայտ է, որ այս վիճակով այն ընդունվելու զրո տոկոս հնարավորություն ունի: Կարծում եմ` դաշտում նոր օրինագիծ հարկավոր չէր, քանի որ եղած օրենքներն արդեն իսկ կարգավորում են լրատվական դաշտը: Դաշտը կանոնակարգելու կարիք այլևս չկա:
Ես դեմ եմ այս օրինագծին, քանի որ կարծում եմ, որ ինտերնետը արագ զարգացող տիրույթ է: Այն անընդհատ զարգանում է, իսկ անընդհանտ զարգացումները կարող են բերել նրան, որ օրենքը դառնա, ասենք, երեսուն էջ: Այս օրենքը կարող է նպաստել անգամ ֆեյքերի օֆշորային վիճակների, երբ, ասենք, ես՝ որպես կայքի ղեկավար, Տանզանիայի այսինչ հովվին համոզեմ իր անվամբ ֆեյք էջ բացել ու վիրավորանքներ տեղալ, ասենք, այս օրինագծի հեղինակներից մեկի` ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի դեմ:
Սկզբում կարծում էի, որ այս նախագծով պատգամավորներն ուզում սահմանափակել ԶԼՄ-ներին, սակայն հիմա համոզված եմ, որ այս օրինագիծը գրել են գրելու համար: Կարծում եմ`Հայաստանում, ֆեյքերի վրա կենտրոնանալուց առավել կարևոր է իսկապես լուրջ խնդիրներով զբաղվել»,- ասաց Արամ Անտինյանը` հարցնելով. «Ովքե՞ր են ֆեյքերը: Նրանք մարդիկ են, ովքեր հաճախ սպասարկում են նույն խորհրդարանականներին»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի` ԶԼՄ-ները պատասխանատվություն կկրեն Facebook-ի կամ այլ սոցցանցերի անանուն օգտատերերի վիրավորական, զրպարտչական գրառումները, մեկնաբանությունները հրապարակելու համար: Օրինագծի համահեղինակների թվում են ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը և ուրիշներ:










































