Վենեսուելայի իշխանություններն ԱՄՆ կառավարությանն անվանել են ողջ աշխարհում բռնության գլխավոր ոգեշնչող և հերքել ամերիկացի փոխնախագահ Ջո Բայդենի՝ վերջերս արված հայտարարությունները հարավամերիկյան երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով վենեսուելական ԶԼՄ-ներին:
«ԱՄՆ կառավարությունը՝ համաշխարհային մակարդակով բռնության հիմնական ոգեշնչողը, ներխուժումների և տնտեսական արգելափակումների, պատերազմների փորձագետը, որոնք նա սկսում է տնտեսական շահերից ելնելով՝ մտացածին սպառնալիքների ներքո, զանգվածային ոչնչացման մահացու զենքի ստեղծողը և ողջ աշխարհում հազարավոր ու միլիոնավոր քաղաքացիական անձանց մահվան պատասխանատուն, բարոյական իրավունք չունի խոսելու Վենեսուելայում մարդու իրավունքները չհարգելու մասին և կասկածի տակ դնելու մեր երկրում խաղաղության պահպանման բոլիվարական կառավարության ջանքերը»,- ասվում է Վենեսուելայի կառավարության կոմյունիկեում:
Բայդենն ավելի վաղ իր անհանգստությունն էր հայտնել ուժի կիրառման առնչությամբ՝ Վենեսուելայում զանգվածային հակակառավարական ակցիաների ժամանակ կարգուկանոնը պահպանելիս:









































